Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hanqavan-3
A A
Հասարակություն

8-ամյա պայքարի հաջող ավարտը. FPWC-ի և պետական մարմինների համագործակցությունը փրկում է գորշ արջի կյանքը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կենդանիների փրկարար կենտրոնի և պետական մարմինների համատեղ գործողությամբ Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրից վերջապես ազատվել է նեղ վանդակում տարիներ անցկացրած 11-ամյա գորշ արջը։ Կենդանին դեռ փոքր տարիքում հայտնվել էր հյուրանոցի տարածքում և պահվել անբարեկեցիկ պայմաններում։

Հանրության ահազանգերն սկսվել էին դեռևս 2017-ին, սակայն միայն այժմ՝ ութ տարի անց, հնարավոր է դարձել կենդանու փրկությունը։ Տեսչական մարմինը նշել է, որ արջի պահման պայմանները չեն համապատասխանում օրենսդրական պահանջներին, իսկ պատասխանատուն չի ունեցել անհրաժեշտ թույլտվություն։

Ներկայումս արջը գտնվում է FPWC-ի փրկարար կենտրոնում՝ կարանտինային փուլում, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։ Նրան տրամադրվում է մասնագիտական խնամք ու վերականգնողական թերապիա՝ նախկին անազատության հետևանքները մեղմելու համար։

FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ սա կարևոր մեսիջ է վայրի կենդանիների անօրինական պահման դեմ պայքարում։

Տարվա ընթացքում հիմնադրամը ՀՀ ՆԳՆ-ի և այլ գործընկեր կառույցների հետ փրկել է նաև Երևանի բակերում պահվող 4 գորշ արջի։ FPWC-ի ռազմավարական գործընկերն է կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը՝ IAR-ը։

Նշենք, որ վերջերս Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում տեղի է ունեցել նաև մասնագիտական քննարկում՝ ՇՄ նախարարության, ԲԸՏՄ-ի, ԳԱԱ-ի և WWF-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակը՝ վերջ դնել վայրի կենդանիների անազատ պահման արատավոր պրակտիկային։