Բացել լրահոսը Փակել լրահոսը
UJmBSHtl
A A
Հասարակություն

STARMUS-ն այս տարի գիտության և արվեստի աստղերին միավորել էր աստղերի կղզում

«Հիանալի է, որ կարողանում ես մեկտեղել երաժշտությունը և գիտությունը։ Հակառակ պարագայում հասարակության մի մասը նման գաղափարի մասին պատկերացում չէր ունենա։ STARMUS-ը հրաշալի գաղափար է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց շվեյցարացի քիմիկոս, 2002 թ. քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Կուրտ Վյուտրիխը՝ անդրադառնալով STARMUS փառատոնին։

«Ես հավատում եմ, որ որոշ երիտասարդներ, ովքեր ներկա են այս միջոցառմանը, կփոխեն իրենց կյանքի և մասնագիտության համար արած ընտրությունը։ Երեկ վերևում՝ մեծ աստղադիտակի մոտ, մի երիտասարդ մոտեցավ և ասաց, որ որոշել է աստղագետ դառնալ։ Հավանաբար այստեղ դուք կարող եք ունենալ նման համարժեք ազդեցություն և փոխել տարբեր մարդկանց հիմնական գաղափարները»,- STARMUS-ի մասին շարունակեց շվեյցարացի մեկ այլ Նոբելյան մրցանակակիր՝ աստղաֆիզիկոս, Ժնևի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Միշել Մայորը, որը հայտնաբերել է աշխարհում առաջին արտաարեգակնային մոլորակը։

«Կարծում եմ՝ STARMUS-ը մեծ ազդեցություն ունի այն մարդկանց վրա, ովքեր մասնակցում են։ Ինձ հատկապես դուր եկավ անցած տարի Բրատիսլավայում անցկացված STARMUS-ը, քանի որ այնտեղ մեծ բազմություն կար։ Կցանկանայի, որ այսպիսի միջոցառումները անցկացվեին այնպիսի վայրերում, որտեղ ավելի շատ մարդիկ կարող են մասնակցել։ Երբ մարդիկ անձամբ տեսնում են, լսում են ու զգում են՝ հետաքրքրությունն ավելանում է։ Անցյալ տարվա միջոցառումից հետո, օրինակ, ես շատ հետաքրքրված էի որոշ զեկույցներով»,- հավելեց Սթենֆորդի համալսարանի ֆիզիկայի, մոլեկուլային և բջջային ֆիզիոլոգիայի, էներգետիկ գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր, Նոբելյան մրցանակակիր Սթիվեն Չուն։

Նոբելյան մրցանակակիր այս երեք գիտնականները ապրիլի 24-29-ը մասնակցում էին արվեստի և գիտության STARMUS փառատոնին, որն այս անգամ անցկացվեց հեռավոր Սանտա Կրուս դե Լա Պալմա կղզում։ Փառատոնը հիմնադրել է մեր հայրենակից, աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Գարիկ Իսրայելյանը՝ 2011 թ․։ Հիմնադիրներից է նաև Queen խմբի համահիմնադիր, լեգենդար կիթառահար Բրայան Մեյը։

 

Արվեստագետներին և գիտնականներին միավորող այս փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ 2022թ․ STARMUS Հայաստանում էր։ Մինչ այդ անցկացվել է Իսպանիայի Տեներիֆե կղզում, Շվեյցարիայում, Նորվեգիայում։ Այս մեկը միջանկյալ

կամ հատուկ թողարկում էր, քանի որ նախորդն անցկացվել էր անցած տարի Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։

Սա 8-րդն էր, և Լա Պալմայում 2021 թ․ սեպտեմբերի 19-ին Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքումից հետո նպատակ ուներ աջակցելու կղզու բնակիչներին։ 2021 թ․ ժայթքումը տևել էր մոտ 3 ամիս՝ ամենաերկարը այդ հրաբխի համար։ Լավայի հոսքերը տարածվել էին ավելի քան 1200 հեկտար տարածության վրա՝ ավերելով հազարավոր կառույցներ և ճանապարհներ։ Լավան հասել էր մինչև Ատլանտյան օվկիանոս՝ փոխելով այդ հատվածների լանդշաֆտը։ Հրաբխի կործանարար հետևանքները դեռևս ամբողջությամբ վերականգնված չէին։ Եվ STARMUS La Palma 2025 փառատոնը տեղի ունեցավ հենց այս խորապատկերի ներքո՝ նպատակ ունենալով կրթության, մշակույթի և գիտության միջոցով աջակցել կղզու վերակառուցմանը։

«STARMUS-ը դարձավ կամուրջ՝ անցյալ աղետի և ապագա վերականգնման միջև»,- փառատոնի ժամանակ կղզու նախագահ Սերգիո Ռոդրիգեսը։

Եվ հինգ օր շարունակ Լա Պալման դարձավ աշխարհի գիտական ու մշակութային կենտրոնը։ Փառատոնին ներկա էին և ելույթներ ունեցան ոչ միայն «Ա1+»-ի զրուցակից գիտնականներ Միշել Մայորը, Կուրտ Վյուտրիխը, Սթիվեն Չունը, այլև Նոբելյան այլ մրցանակակիրներ՝ Ջեյն Գուդոլը, Քիպ Թորնը, Ջոն Մեյթերը, Ջորջ Սմութը, Դոննա Սթրիքլենդը, և ավելի քան 30 այլ աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ ու տարբեր ոլորտների մասնագետներ։

Դասախոսություններից զատ կղզու տարբեր հատվածներում երիտասարդների ու երեխաների համար կազմակերպվել էին գիտնականների հետ ճամբարային հանդիպումներ և համերգներ։

Փառատոնի երկրորդ օրը Լա Պալմայի նավահանգստի տարածքում կազմակերպվեց համերգային մեծ ներկայացում, որի ժամանակ ելույթ էին ունենում Dream Theater և Sons of Apollo խմբերի հայազգի աշխարհահռչակ ստեղնաշարահար Դերեկ Շիրինյանը, անգլիացի բաս-կիթառահար, վոկալիստ և երգահան, «Deep Purple», «Black Sabbath» խմբերի նախկին անդամ, «Black Country Communion» սուպերխմբի ներկայացուցիչ, աշխարհահռչակ Գլեն Հյուզը և այլ աստղեր։

Ապրիլի 27-ին բացօթյա համերգով հանդես եկան սոպրանո Մոնսերատ Մարտի Կաբալյեն, սոպրանո Սիմոնա Տոդարո Պավարոտին և բարիտոն Լուիս Սանտանան։

Ի դեպ, այս տարվա փառատոնը կոչվում էր «Աստղերի կղզի»․ Լա Պալմայում է գտնվում GTC (The Gran Telescopio CANARIAS) աստղադիտարանը՝ աշխարհի ամենամեծ ու հզոր օպտիկական և ինֆրակարմիր տելեսկոպներից մեկը։ Աստղադիտարանում մեզ պատմեցին, որ իրենց ճշգրիտ գործունեության համար թույլ չի տրվում, որ ինքնաթիռներ թռնեն կղզու վրայով կամ կղզում գործի ծանր, օդը աղտոտող արդյունաբերություն։