ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը
Աջակցիր «Ա1+»-ինՄիացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրել են հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը:
Համաձայնագիրը նախատեսում է Վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամի ստեղծում, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, թույլ կտա երկու երկրներին «համագործակցել և ներդրումներ կատարել միասին, որպեսզի մեր ընդհանուր ակտիվները, տաղանդներն ու հնարավորությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսության վերականգնումը»:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ասել է, որ համաձայնագիրը «հստակորեն ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա»:
Բեսենտը ամերիկա-ուկրաինական Վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծումը պատմական տնտեսական գործընկերություն է անվանել և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա պնդել է, որ այն ստորագրվի որպես պատերազմը դադարեցնելու իր ջանքերի մի մաս:
Ուկրաինական կողմից այն ստորագրել է առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն: Ստորագրումից հետո նա հայտնել է, որ ներդրումային հիմնադրամը կլցվի բացառապես նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով։
Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, Ուկրաինայի նախարարների կաբինետը համաձայնություն էր տվել համաձայնագրին: Համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի Ուկրաինայի խորհրդարանի կողմից նախքան դրա ուժի մեջ մտնելը: