Բացել լրահոսը Փակել լրահոսը
PHOTO-2025-04-09-10-06-49
A A
Պաշտոնական

Հայաստանի կադաստրային քարտեզների ճշգրտման նորարարական մեթոդները՝ Ավստրալիայի գիտաժողովի օրակարգում

Հայաստանի կադաստրային քարտեզների ճշգրտման նորարարական մեթոդները՝ միջազգային գիտաժողովի օրակարգում

2025 թվականի ապրիլի 6-10-ը Ավստրալիայի Համագործակցության Բրիզբեն քաղաքում անցկացվող Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթվա շրջանակներում ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է զեկույց՝ «Հայաստանում կադաստրային քարտեզների սխալների ուղղումը երկրատարածական տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով:

Սուրեն Թովմասյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին մշակված իրավական կարգավորումների հիման վրա կադաստրային քարտեզների սխալների հայտնաբերման և ուղղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև կիրառվող նորարարական մեթոդներին։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկրատարածական տեխնոլոգիաների, ներառյալ՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման նյութերի օգտագործման արդյունքում ձեռք բերված նշանակալի առաջընթացին։

Զեկույցին հաջորդել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում միջազգային գիտական հանրության ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի փորձի նկատմամբ և առաջադրել են մասնագիտական հարցադրումներ։

Ս. Թովմասյանի ներկայացրած մեթոդաբանությունն առանձնանում է կադաստրային քարտեզների սխալների ուղղման համակարգված մոտեցմամբ։ Ներկայացված մեթոդաբանությունը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ օրենսդրական կարգավորումներ և համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաների ինտեգրում։ Հատկանշական է, որ այս մեթոդաբանությունն իրականացվել է 2021 թվականին մշակված նոր իրավական կարգավորումների հիման վրա, որը սահմանում էր կադաստրային քարտեզների ուղղման հստակ կարգ։

Ուշագրավ է, որ զեկույցը տպագրվել է FIG-ի գրախոսվող գիտական ամսագրում, ինչը վկայում է մեթոդաբանության գիտական հիմնավորվածության մասին:

Միջազգային ասպարեզում Հայաստանի փորձը ներկայացնելը նպաստում է պետության՝ տվյալ ոլորտում ունեցած նվաճումների միջազգային ճանաչմանը և գեոդեզիայի ու չափագրման ոլորտի միջազգային մասնագետների հետ մասնագիտական կապերի ամրապնդմանը։