Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captդդդure
A A
Հասարակություն

USAGM պարտավորվել է «Ազատությանը» փոխանցել Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհի մի մասը

Ազատություն ռ/կ

ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) հայտարարել է, որ մինչև մարտի վերջ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին կփոխանցի Կոնգրեսի կողմից տրամադրված 7,46 միլիոն դոլար դրամաշնորհը, որը նախատեսված է մարտի 1–14-ն ընկած ժամանակահատվածի համար։

Հայտարարությունն արվել է մարտի 24-ին՝ դատարանում սկսված լսումներից անմիջապես առաջ։ USAGM-ի նամակում նշվում է, որ գործակալությունը «անհապաղ քայլեր է ձեռնարկել գումարը փոխանցելու համար»։

Դատական նիստի ժամանակ USAGM-ը, ներկայացված Արդարադատության դեպարտամենտի փաստաբանով, նշել է, որ պայմանագրով գործակալությունը իրավունք ունի դադարեցնել դրամաշնորհը, եթե «Ազատությունը» չկատարի պայմանագրի պահանջները։ Ռադիոկայանի փաստաբան Դեյվիդ Զիոնցը հակադարձել է՝ ասելով, որ Կոնգրեսը չէր հաստատի ֆինանսավորումը, եթե գործակալություններն ունենային այն միակողմանի տնօրինելու լիազորություն։

«Ազատություն» ռադիոկայանը շարունակում է պայքարը՝ 2025-ի սեպտեմբերի 30-ին ավարտվող բյուջետային տարվա ամբողջ ֆինանսավորումն ապահովելու համար։

Նշենք, որ մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ կրճատելու յոթ դաշնային գործակալություններ, այդ թվում՝ USAGM-ը։ Հրամանի հրապարակումից հետո տարածվել է գործակալության նամակը, որով «Ազատության» դրամաշնորհի դադարեցումը պատճառաբանվել է ղեկավարի լիազորությունների շրջանակում կայացված որոշմամբ։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով կանխել ֆինանսավորման դադարեցումը՝ որպես դաշնային օրենքի և Սահմանադրության խախտում։ Դատարանի որոշումը սպասվում է առաջիկա շաբաթներին։