Օրացույց․ 16-ը մարտի․ « հիմա էլ նույն ձեւով էս մեսիան է եկել, էս առաքյալը, Քրիստոսի հայտնությունն է ժողովրդին»․Կարեն Դեմիրճյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998ի այս օրը Հայաստանում առաջին արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Ընդդիմության թեկնածու Կարեն Դեմիրճյանն այս օրը ծաղրում է 1991-ին Տեր-Պետրոսյանի հաղթանակը եւ իր «հայտնության» ժողովրդական ընկալումները.
«Ոնց որ սրանից 7 տարի առաջ ծափերով էմոցիաներով ընտրեցինք ծրագիր չներկայացրած նախագահին, հիմա էլ նույն ձեւով էս մեսիան է եկել, էս առաքյալը, Քրիստոսի հայտնությունն է ժողովրդին, էլի պիտի ժողովուրդը խաբվի։ Կարո՞ղ է դուք խաբվեք իմ մեջ»։
99-ի այս օրը խորհրդարանը քննարկում էր էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի սառեցման մասին Էդվարդ Եգորյանի նախագիծը։ Նույնիսկ պատգամավորներն են դժվարանում մուծել իրենց վարձը։
Կառավարությունը սարսափած է՝ եթե սառեցնենք, կարգելավեն արտաքին ներդրումները, կնվազի սեփականաշնորհվող օբյեկտների գինը։ Ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ռուս բժիշկների մեծ պատվիրակության հետ 99-ի այս օրը Հայաստանում էր,եկել էր հիանալու մեր «Արմենիկում»-ով, որի արդյունավետության վերաբերյալ պաշտոնական հետազոտությունները դեռ հաստատված չեն։
Վերգետնյա էլեկտրական տրանսպորտը լավ ժամանակներ չի ապրում։ Քաղաքային էլեկտրատրանսպորտի տնօրեն Հարություն Առաքելյանը կանխատեսում է, որ այս փոխադրամիջոցը շուտով չի լինի։
2000 թվականի այս օրը Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը հույս էր ներշնչում, որ Հայաստանը դառնում է գազի արտահանման տրանզիտային գոտի։ Ավելի վաղ Հայաստանում գտնվող ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Յան Կալիցկին Հայաստանի վարչապետ Արամ Սարգսյանից պահանջել էր դադարեցնել գազամուղի շինարարությունը։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2001 թվականի այս օրը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգ չկա։
Մինչդեռ այդ ժամանակ խոսվում էր զորահավաքի մասին։ Պաշտպանության նախարարն այլեւս չգիտի ինչպես դա հերքի, որ մարդիկ հավատան. «Առավոտը հրավիրել ենք, կեսօրին ճաշ ենք հյուրասիրել, երեկոյան բաց ենք թողել, գնացել են տուն»։
2002-ի այս օրը Օրինաց երկրի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարում է՝ եթե հաջորդ տարվա նախագահի ընտրություններին ընտրակաշառք բաժանվի, երկիրն ապագա չի ունենա ։ Սակայն հեղափոխությամբ փոփոխությունների հասնելու մասին նա լսել չի ուզում. «Դրա համար կա Հայ Յեղափոխական Դաշնակցություն»։
2007-ի մարտի 16-ին Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը ոչ մի երաշխիք չի տալիս, որ մայիսին սպասվող խորհրդարանի ընտրությունները չեն կեղծվի։ «Հանրապետականը չի կարող վերահսկել իր տասնյակ հազարավոր անդամներից յուրաքանչյուրին»,-բառացիորեն ասում է Տիգրան Թորոսյանը։
2010-ի այս օր ԲՀԿ-ն արդեն խոսում է հրաժարականների մասին։ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կոշտ էր արձագանքել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտողությանը, ըստ որի նա ձախողել է մեր տնտեսությունը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հակազդում է. « Պարոն Երիցյանին խորհուրդ կտայի անել ընդամենը շատ կարճ մեկ գործողություն, վերցնել թուղթ եւ գրիչ եւ հրաժարականի դիմում գրել»։