Բացել լրահոսը Փակել լրահոսը
68
A A
Հասարակություն

Ժաննա Անդրեասյանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկել է ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման տարբեր ոլորտներում առկա են արդյունավետ համագործակցության ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը:
Նախարարը կարևորել է, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը շեշտադրվել է նաև երկու երկրների միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթղթում: Ժաննա Անդրեասյանը նշել է ամերիկահայ հեղինակավոր գիտնականների ցանցի հետ ակտիվ համագործակցությունն ու միասնական ջանքերի ներդրումը՝ համատեղ աշխատանքների իրականացման համար:
 
Ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային մի շարք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ ընթացող այս խոշոր նախագծի արդյունավետ իրականացման առումով հայկական կողմը կարևորում է նաև ամերիկյան բուհերի հետ գործընկերությունն ու ամերիկյան լավագույն փորձի կիրառումը:
 
Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացումն առանձնակի կարևորություն ունի: Դեսպանը, մասնավորապես, նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը կարող է լավագույնս նպաստել համագործակցության ընդլայնմանը: