Ուխտավորից գումար մի գանձեք
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունն առաջարկում է Խոսրովի անտառում գտնվող սրբատեղիների ուխտավորների համար ամսական առնվազն մեկ անգամ կազմակերպել այսպես կոչված «բաց դռների օր»:
Արգելոցի տարածքում գտնվող սրբատեղիներ այցելող ուխտավորներից գանձվում է 3000-ական դրամ: Խոսրովի անտառի տնօրենը հունիսի սկզբին փորձել էր արդարացնել ուխտավորներից գումարի գանձումը «Հայաստանում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությամբ»:
Խնդրի լուծման հարցում «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը ապավինում է վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը: Այս դեպքում հիմք է ընդունում նաեւ Կառավարության երեկվա որոշումը:
Կառավարությունը հաստատել է արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիթորինգի ենթարկել ավելի քան 300 հուշարձաններ` դրանք վերականգնելու և բարեկարգելու նպատակով։