Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 4-ը փետրվարի (տեսանյութ)

1998-ի փետրվարի 4-ին խորհրդարանն ընդունում է Լեւոն Տե-Պետրոսյանի հրաժարականը: Նախագահի պաշտոնակատար պետք է դառնար խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանը, սակայն նա էլ հրաժարվում է խորհրդարանի ղեկավարի աթոռից եւ հայտարարում՝ եթե չընդունեք, վայր կդնեմ պատգամավորական մանդատս: Նրան հաջորդում են փոխխոսնակներ Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանը: Հրաժարականներ են ներկայացնում նաեւ հանձնաժողովների նախագահներ Տեր Հուսիկ Լազարյանը, Սամվել Գեւորգյանը եւ Վիգեն Խաչատրյանը: Բոլոր հրաժարական ներկայացրածներն ասում են, որ սա դեմարշ չէ, իսկ Բաբկեն Արարքցյանը նկատում է, որ պետք է արժանապատվորեն ընդունել պարտությունը: Հանրապետության նախագահի պարտականությունը դրվում է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի վրա: Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն օրը հրաժարականի առիթով հանդիպում է իր զինակիցներին: Առաջին նախագահը շնորհակալ է իր բոլոր զինակիցներին եւ խնդրում շարունակել աշխատել իրենց տեղերում:

Նույն օրը Մոսկվա-Երեւան ուղիղ հեռուստակապի միջոցով Հայաստանում ստեղծված ներքաղաքական սրացումների մասին խոսք ունի Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարը: Սերժ Սարգսյանն ասում է, որ հիմա Հայաստանի համար գլխավորը նախագահի նոր ընտրություններն են: Նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը Հայաստանում մոլեգնած հրաժարականների շարքը համարում է համերաշխության ակցիա նախագահին: «Իսկ ովքեր նախագահի հետ չէին, իրենց դեմքը ցույց տվեցին»,-ասում է Լեւոն Զուրաբյանը՝ Աստված նրանց հետ: Ինքը նույնպես հրաժարական է տալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ նրա լրագրողներին հանդիպել չի ուզում: Ինքը նկատում է, որ նախագահի թիմից դժվար թե որեւէ մեկը առաջադրվի նախագահի պաշտոնում՝ թող ընդդիմությունը գա իշխանության եւ ազատվի իր միամիտ պատկերացումներից:

Նույն օրը երեկոյան նախագահի պաշտոնակատար, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը փորձում է մեղմել ներքաղաքական ճգնաժամը: Պարոն Քոչարյանը երաշխավորում է, որ նախագահի ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Իր նախագահ առաջադրվելը Ռոբերտ Քոչարյանը համարում է քիչ հավանական, բայց չի բացառում: Նույնիսկ չգիտի՝ ինքը Հայաստանի քաղաքացի է, թե՝ ոչ: Քոչարյանը վստահեցնում է, որ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա ճնշում գործադրողներից մեկը չէ, ինքն ընդամենը գործադիրի ղեկավար է:

2000-ի այս օրը սա «Շտապ օգնության» միակ արձագանքն է օգնության հույսով իրեն դիմող քաղաքացիներին: Պետությունը մեկ լումա էլ չի տալիս այս ծառայությանը: Բենզալցման կայանները հրաժարվում են բենզին տրամադրել: Դեղի փող էլ չկա: Աշխատակիցները սպառնում են հացադուլով:

2001-ի այս օրը խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին Երեւանի 5 տոնավաճառների առեւտրականները պատգամավորներից պահանջում են չեղյալ համարել տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելու որոշումը: Միտինգավորներն իշխանություններին կոչ են առնում հաշվի նստել իրենց հետ՝ եթե ժողովուրդը չլինի, իրենք իշխանություն չեն լինի: Այս ժողովրդին ընդունում է խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ խոստանում հարցը մի քանի օրից քննարկել: Նույն օրը ուշ գիշերը ոստիկանությունը ձերբակալում է 4 միտինգավորի, որոնք մասնակցել են ՀԴՄ-ների դեմ հանրահավաքներին: Նրանք հիմա էլ վարչապետից պահանջում են միջնորդել, որ ձերբակալվածներին ազատ արձակեն: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ակնարկում է, որ ձերբակալման համար պատճառներ կային: Նրանց ավելի ուշ ազատ են արձակում:

2010-ի այս օրերին մսի զգալի թանկացումը, հատկապես ոչխարի մսի սուր դեֆիցիտը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ, որն, ըստ լուրերի զբաղվում է մսի արտահանմամբ: 2012-ի այս օրերին Երեւանում գործում է Պուտինի անվան ակումբը: Իր անվան ակումբում մարդն ամենուր է՝ բացել են, որ հայ երիտասարդը դառնա առողջ եւ նպատակասլաց: Գաղափարին աջակցել է Անդրանիկ Նիկողոսյան անուն-ազգանունով մի երիտասարդ։ Ակումբի բացումը, ասում է պատասխանատու այս տղան, քաղաքականության հետ կապ չունի։ Ի դեպ, ԱՊՀ տարածքում «Պուտին» ակումբ գործում է նաեւ Չեչնիայում՝ նախագահ Ռամզան Կադիրովի վերահսկողությամբ։