Բացել լրահոսը Փակել լրահոսը
437e27c8-0fc8-4aa9-9d18-413bff840f7b
A A
Հասարակություն

«Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հունվարի 17-ին որոշել է, որ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն՝ 1in.am կայքը խախտել է «Ֆոտոլուր լրատվական գործակալության» իրավունքները։

1in.am կայքն իր նյութերում օգտագործել է «Ֆոտոլուրի» լուսանկարները՝ առանց համապատասխան իրավունքի կամ վճարումների։

«Ֆոտոլուրը» դեռևս անցած տարվա հուլիսին դատի էր տվել «Սկիզբ մեդիա կենտրոնին»՝ պահանջելով դադարեցնել հեղինակային իրավունքի օբյեկտների օգտագործումը։ Նաև պահանջել էր փոխհատուցել կատարած խախտումների համար։

Դատարանը քննել է դիմումը և վճռել՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ «Ֆոտոլուրի» բռնագանձել 2.400.000 ՀՀ դրամ՝ որպես հոնորար։

Հօգուտ «Ֆոտոլուրի» պետք է բռնագանձվի նաև 20.000 դրամ՝ որպես ոչ դրամական պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 72.000 դրամ՝ որպես դրամական պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 200.000 դրամ՝ փաստաբանի վարձատրության համար:

«Հայաստանում լուսանկարների օգտագործման մշակույթը շատ ցածր է, ով ինչ ուզում, որտեղից ուզում՝ օգտագործում է։ Մենք հետևեցինք և բազմաթիվ լրատվամիջոցներ տեսանք, որոնք ոչ միայն մեր, այլև ումից ասես, լուսանկար են վերցնում՝ խախտելով հեղինակային իրավունքը։ Մեր փաստաբանը մի քանի անգամ զգուշացրել էր դադարեցնել այդ պրակտիկան, բայց բանի տեղ չդրեցին, և մինչև հիմա էլ օգտագործում են մեր լուսանկարները՝ չունենալով դրա իրավունքը։ Սա պետք է նախադեպ լինի, որ մյուս լրատվամիջոցներն առանց իրավունքի չօգտագործեն»,- ասում է «Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանը։