Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։
Լրագրողի հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա։
«Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ընդդիմությունը հայտարարում են, թե հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել, ԱԺ նախագահը արձագանքեց, որ չի հետևում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և գտնում է, որ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան գործընթացին միջամտելուց։
«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ, որ ճիշտը իրենց կողմից լռելն է»,- նշեց Սիմոնյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստում Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ չկա, նման քննարկում գոյություն չունի:
«Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա: Եվ նման քննարկում գոյություն չունի: Մնացած երկու կետերի վերաբերյալ, որ Բայրամովն ասել է, քննարկումները կշարունակվեն: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ մնացել է երկու կետ, որը պետք է քննարկել»,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հերթական հայտարարությանը՝ ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը.
Նա հավելեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո կանխատեսվում էր նոր պատերազմ, նոր իրադարձություններ:
«Մենք կարողացանք ինչ-որ ձևով կառավարել, գալ, հասնել այն բանին, որ ունենք համաձայնեցված մեկ տասնյակից ավելի կետեր: Դա, իմ կարծիքով, շատ մեծ հաղթանակ է երկու կողմերի համար: Ունե՛նք երկու պետությունների միջև կնքված առաջին իրավական փաստաթուղթը, (խմբ.– սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգը) որը պատմության մեջ աննախադեպ բան է: Ունե՛նք դելիմիտացված սահման, ունե՛նք համաձայնեցում, տրամաբանություն՝ այդ սահմանի գործընթացը շարունակելու: Այո՛, ես համարում եմ, որ գործընթացը դրական է: Եվ ողջունում եմ այն հայտարարությունը, որ ունենք ևս երկու կետ, որոնց վերաբերյալ մենք պետք է դեռ քննարկումներ իրականացնենք»,–ասաց նա:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային ատյաններից Հայաստանի և Ադրբեջանի դեմ միմյանց հայցերը հետ կանչելու պահանջին, Սիմոնյանն ասաց՝ քննարկում են, կհասկանան՝ արդյոք ՀՀ-ին ձեռնտու է նման տրամաբանությամբ առաջ գնալը, թե՞ ձեռնտու չէ: Նա հիշեցրեց, որ նաև Հայաստանի դեմ հայցեր կան ներկայացված:
Խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի կետի ներառման հնարավորություն նա այս պահի դրությամբ չի տեսնում:
«Դա առանձին թեմա է, որով անընդհատ զբաղվում ենք: 150-ից ավելի գերի ունեինք, հիմա ունենք 23 հաստատված գերի, որից 11-ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է»,–հավելեց Սիմոնյանը:
Նա պատասխանեց նաեւ այլ հարցերի, մանրամասները՝ տեսանյութում։