A
A
Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈվքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։


Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը չպետք է գերազանցի տարեկան 100.000 դրամը:
Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջեք հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։
Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։

Եվ հիշեք, եթե 2025 թվականին Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր 2024 թվականի հաշվետու տարվա համար, և 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումը ստանալու համար՝ կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։


