Վանաձորում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. կա 12 վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներ՝ օպերատիվ են գործել Վանաձորի շտապօգնության բժիշկները, որոնց հետ դեպքի վայր են ժամանել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։
Շտապօգնության և Վանաձորի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի ու դասակի հրամանատարների գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալների և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։