Օրացույց․ 24-ը դեկտեմբերի. Ո՞վ է մի խայտառակեք ռեսպուբլիկան հոդվածի տեղեկատվական աղբյուրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի դեկտեմբերի 24-ին Ժուռնալիստների միությունը մրցանակներ է հանձնում բանակի թեմայով գրող լրագրողներին: Մրցույթի նպատակն, ըստ միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի, այն է, որ բանակին չթողնենք մենակ: Այս մրցույթում լրագրող Արմեն Արզումանյանը պարգեւատրվում է «Արցախյան էսքիզներ» ֆիլմի համար:
Խորհրդարանի ղեկավար Խոսրով Հարությունյանը 1998-ի այս օրն այցելում է գործարար Մանվել Բադեյանին պատկանող «Եվրոստան Ույուտ» ձեռնարկություն: Այստեղ Հարությունյանը հասկանում է, որ շատ դեպքերում պետությունն ինքն է գործարարին ուղղորդում մտնել ստվեր, քանի որ ի սկզբանե գործարարը պետության համար հանցագործ է։
Հայաստանի ռամկավարները պլան ունեն՝ մեր ջրամբարներում կուտակված անձրեւաջրերով քաղցրահամ ջուր մատակարարել Իրանին: Ըստ կուսակցության անդամ Հարություն Առաքելյանի, պետք է գտնել 6 միլիարդ դոլար, կառուցել 2 հազար կիլոմետրանոց ջրագիծ, որն Իրանին կմատակարարի ջրով, եւս 8-9 ամիս հետո կաշխատենք առաջին մեկ միլիարդը: Մնում է, որ մեր կառավարությունը հաստատի այս ծրագիրը:
1999-ի դեկտեմբերի 24-ի համարում 15 հոգու հետ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն է մտնում գործարար Գագիկ Ծառուկյանը: Նա եկել էր Փաշինյանից անձամբ տեղեկանալու, թե ով է «Մի խայտառակեք ռեսպուբլիկան» հոդվածի տեղեկատվության աղբյուրը: Պատասխան չստանալով հիշյալ 15 հոգին հարձակվում են խմբագրության աշխատողների վրա եւ ծեծի ենթարկում այնտեղ գտնվողներին: Մի քանի մետր այն կողմ գտնվող ոստիկանությունը որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցածին։
Ազգային Ժողովի պատգամավորները 2000-ի այս օրը քարը քարին չեն թողնում խոսելով կառավարության ներկայացրած հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի մասին: Բոլոր խմբակցությունները, ներառյալ իշխող «Միասնության» մաս կազմող ՀԺԿ-ն, դեմ են, բացի իշխող «Միասնության» մյուս անդամներից, որոնց կոճակներն ի դեպ բավարար են։ Հայաստանի դատարանները քաղաքացիներին դատում են ըստ քրեական-դատավարական օրենսգրքի, մինչդեռ քրեական օրենսգիրք դեռ չկա: Քրեական նոր օրենսգրքի նախագիծն արդեն Ներքին գործերի նախարարի խորհրդականի սեղանին է: Մի քանի պատժատեսակներ այս նախագծով վերացվել են, ավելացել են նորերը։
ՀԺԿ-ի քաղաքային կոնֆերանսի ելույթները հիմնականում շոշափում են հոկտեմբերի 27-ը: Անդամներից մեկն ասում է՝ եթե իշխանությունը չի կարողանում բացահայտել հոկտեմբերի 27-ը, ճիշտ կլինի, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Ստեփան Դեմիրճյանն անդրադառնում է Ռուբեն Միրզախանյանին, որը չի կողմնորոշվում՝ հոկտեմբերի 27-ը ոճրագործությու՞ն է, թե՝ ողբերգություն։
Հյուսիսային պողոտայում 2001-ի այս օրերին սկսվել են պետական կարիքների համար առգրաված տների ոչնչացումը: Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ու Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը հաճույքով են հետեւում քանդող մեքենայի աշխատանքներին: Ոմանք դեռ հույս ունեն, որ աղեկտուր խնդրելով կարող են փրկել իրենց տունը։
Դավիթաշենի կամրջի շինարարներն 2001-ի այս օրն անձամբ փակել էին կամուրջը: Նրանք պահանջում էին իրենց վերջին մի քանի ամսվա աշխատավարձը։Վարորդներն անհամբեր են, նրանք ոչ մի բողոք չեն ուզում լսել, դեպքի վայր է հասնում նաեւ ոստիկանությունը եւ կոչ անում փոխել բողոքի վայրը։
2009-ի դեկտեմբերի 24-ին խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ 2013-ին չի հավակնում դառնալ նախագահ: Նույն օրը նա շարադրում է, թե ինչպիսին կարող է լինել քաղաքական գործիչը։ 2009-ի այս օրերին սնանկացման գործընթացում է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» գործարանը: Այն արդեն դրվել է աճուրդի, որը մի անգամ չի կայացել եւ հաջորդ անգամ կվաճառվի ավելի ցածր գնով: Սուքիասյանների վստահորդը գիտի, որ գործարանն ի վերջո գնելու է Ռուբեն Հայրապետյանը։
2010-ի դեկտեմբերի 24-ին Երեւանում բացվում է վիճահարույց Դելֆինարիումը: Էկոլոգներն այստեղ կանգնած են եւ մարդկանց տեղեկացնում են, որ չկա ոչ մի դելֆինոթերապիա, սա սովորական բիզնես է: Եվ ավելացնում են՝ վտանգավոր է դելֆիններին պահել ծովային գոտիներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։