Տանգո՝ երկուսով․ երրորդն ավելո՞րդ է
Բացել լրահոսը Փակել լրահոսը
5a3e4755-2576-4de1-81bc-8e4509990dca
A A
Հասարակություն

Տանգո՝ երկուսով․ երրորդն ավելո՞րդ է

Անցնող տարին նշանավորվեց հայ-ադրբեջանական ինտենսիվ բանակցություններով, որոնք աչքի ընկան նրանով, որ կողմերը կոնֆլիկտի պատմության ընթացքում առաջին անգամ բանակցում են երկկողմ ձեւաչափով՝ հրաժարվելով միջնորդների (տեսանելի) մասնակցությունից։ Բացի դրանից, ԼՂ հակամարտությանը վերաբերող բանակցությունները 2024-ին բացառիկ են նրանով, որ ընթանում են այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղը դադարեղրել է իր փաստացի գոյությունը այն բանից հետո, երբ Բաքվի ռազմական գործողության հետեւանքով տեղի հայ բնակչությունը 2023 թվականի սեպտեմբերին զանգվածաբար լքեց տները՝ հաստատվելով Հայաստանում։

Տաթեւիկ Խաչատրյանը մեկն է շուրջ  հարյուր քսան հազար հայերից, որոնք ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի վերջին, երբ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողության միջոցով  լուծարվեց 1991-ից ի վեր փաստացի գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մինչեւ տեղահանությունը հանրային հաղորդակցության ոլորտում աշխատող Տաթեւիկը ընտանիքի հետ հաստատվել է Երեւանում եւ հիմա ընկերուհու հետ հեղինակային փոդքասթ է թողարկում Յութուբում, որի ընթացքում հրավիրված հյուրերը՝ հիմնականում ԼՂ-ից տեղափոխված մարդիկ, պատմում են տեղահանությունից հետո եղած խնդիրների, պետության հետ հարաբերությունների, վերադարձի ու ինտեգրացիայի միջեւ երկընտրանքի մասին։ 

Տաթեւիկը, ինչպես եւ արցախցի շատ հայեր, երազում է տունդարձի մասին, թեեւ գիտի, որ ներկա պայմաններում դա միանգամայն անիրատեսական հեռանկար է։ 

Նրա կարծիքով, եթե Ադրբեջանի հետ համակեցության շատ թե քիչ տանելի պայմաններ գոյություն ունենային, ապա արցախցիները ստիպված չէին լինի լքել իրենց տները։ «Շատերի մասի կարծքին այն է, որ պետք է լինի անվտանգության միջազգային երաշխիք (վերադառնալու համար): Եթե մարդիկ հասկանան, որ վերադառնալով նորից չեն հայտնվելու զինված օղակի մեջ, որ հնարավորություն են ունենալու ապրել՝ առանց իրենց ինքնությունը կորցնելու մտավախության, ապա հաստատ կվերադառնան, որովհետեւ հասկանում են, որ շատ ավելի հեշտ է պայքարել իրավունքի համար, երբ որ քո տանն ես», - ասում է Տաթեւիկը։ Իսկ մինչեւ վերադարձի իրատեսական պայմաններ լինեն, պետք է հնարավորինս ինտեգրվել հայաստանյան հասարակության մեջ, կարծում է նա։ 

2023-ի սեպտեմբերից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի շարք աջակցման ծրագրեր է նախաձեռնել ԼՂ-ից տեղահանվածների համար։ Առանցքայններից մեկը  նրանց բնակարաններով ապահովելու ծրագիրն է, որը, սակայն, շահառուներից շատերի համար խնդրահարույց է՝ մատչելիության եւ արդյունավետության առումով։ Տաթեւիկ Խաչատրյանը նկատում է՝ ծրագրի արդյունավետության, իսկ ավելի ճիշտ, «չարդյունավետության» լավագույն ցուցիչն այն է, որ դրան մեկ տարուց ավելի ժամանակահատվածում դիմել է ընդհամենը 300 շահառու։ 

«Սա նշանակում է, որ արցախցիների մի զգալի մասը ստիպված է լինելու արտագաղթել, որովհետւ ռուս-ուկրաինական պատերազմի եւ արցախցիների էթնիկ զտման հետեւանքով բնակարանների վարձակալության շուկան  շատ-շատ է թանկացել եւ մարդիկ պարզապես վճարունակ չեն։ Հիմա կարողանում են բնակարան վարձակալել պետական աջակցության շնորհիվ, բայց դրա բացակայության պարագայում,  բնականաբար, չեն կարողանալու շարունակել  ապրել նույն պայմաններով», - ասում է Տաթեւիկը։

Նրա մտահոգությունը կիսում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ այս ընթացքում արդեն 12 000 արցախցի լքել է Հայաստանը եւ ընդամենը մի քանի հազար մարդ է ՀՀ քաղաքացիություն հայցել։ Նրա կարծիքով, թեեւ ներգաղթի առաջին ամիսներին կառավարությունը հնարավորինս արձագանքեց ներգաղթածների խնդիրներին, սակայն հետագայում ծրագրերը բյուրոկրատական քաշքշուքների, անհստակության եւ նախաձեռնողականության պակասի պատճառով անարդյունավետ են դարձել։ 

Ինչ վերաբերում է ԼՂ հայերի իրավունքներին, ապա վերլուծական կենտրոնի ղեկավարը կարծում է, որ այս պահին արցախցիների իրավունքների իրացման որեւէ գործուն միջազգային մեխանիզմ չկա, եւ պետք է մտածել առաջին հերթին Հայաստանում նրանց ինտերգացիայի մասին։  

«Որեւէ լուրջ դերակատար իհարկե Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ո՛չ քաղաքական կամք ունի, ո՛չ էլ անգամ լծակներ, ուստի բոլոր խոսակցություններն իհարկե ավելի շատ տեսական դաշտում են գտնվում։ Միգուցե ապագայում ավելի նպաստավոր պայմաններ կլինեն, բայց ես դրա հավանականություն եւս մեծ չեմ համարում», - ասում է Գրիգորյանը։

Խոսելով առհասարակ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մասին, Գրիգորյանը նշում է՝ անցած տարին նշանավորվեց նրանով, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումները գրեթե բոլոր ուղղություններով ու մակարդակներով, ընթանում են երկկողմ ձեւաչափով, ինչը փոքր քայլերով առաջ գնալու հույս է ներշնչում։ Այդուհանդերձ, վերլուծաբանի խոսքով, երկկողմ ձեւաչափը ներկա պայմաններում ավելի շատ Ադրբեջանին է ձեռնտու՝ հաշվի առնելով այդ երկրի տնտեսական, ռազմական եւ այլ կարողությունների բերումով գոյություն ունեցող ուժերի դիսբալանսը, որը հնարավորություն կտա Բաքվին ուժի դիրքերից  լուծումներ պարտադրելու Հայաստանին։

Վերջին մի քանի տարնիերին, առնվազն 2022-ի աշնանից ի վեր, Երեւանի արտաքին քաղաքականությունը հիմնված էր Արեւմուտքի հետ ավելի սերտ համագործակցության եւ արեւմտյան մայրաքաղաքներից ակնկալվող աջակցության վրա։ Սակայն անցնող տարվա ընթացքում եվրոպական մի շարք երկրներում ու ԵՄ կառույցներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, իսկ տարեվերջին արդեն՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը կստիպի Փաշինյանի կառավարությանը վերանայել արտաքին քաղաքականության որոշ տարրեր, կարծում է Գրիգորյանը։ 

 «Ընդհանուր առմամբ կարծում եմ ԱՄՆ նախագահական ընտրությունները, ինչպես նաեւ վրացական ընտրությունները նաեւ ավելի բալանսավորված կդարձնեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ պրոարեւմտյան հռետորաբանությունն ու քայլերն ավելի զուսպ կլինեն։ Արդեն տեսնում ենք, որ [ՀՀ իշխանությունները] ներգրավվում են տարբեր ձեւաչափերով Երկրորդ ուշագրավ գործոն այն է, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիան, իհարկե, ավելի տրանզիակցիոն քաղաքականություն է վարելու , այսինքն՝ ինչ որ գործարքների վրա հիմնված, եւ սա եւս կարող է խնդիր դառնալ Հայաստանի համար, որ վերջին երկու տարվա ընթացքում ակնկալում էր արեւմտյան քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն։ Եվ երրորդ գործոնը իհարկե Իրանի հետ փոխհարաբերություններն են, ակնհայտորեն այս ադմինիստրացիան շատ ավելի կոշտ մոտեցում է որդեգրելու Թեհրանի նկատմամբ, ինչը եւս խնդիր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով մեր աշխարհագրությունը», - ամփոփում է Տիգրան Գրիգորյանը։

Ազգային Ժողովի պատգամավոր (ՔՊ), Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն արձանագրում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ երկկողմ գործընթացը անցած տարվա ընթացքում եղած ձեռքբերուներից մեկն է։ «Կոնֆլիկտը երկու կողմերի միջև է, և հենց այդ երկու կողմի որոշումներից է կախված, թե գործընթացն ինչպեսի հանգուցալուծում կունենա, եւ առնվազն հայաստանյան կողմը բազմից թե խոսքով, թե գործով ապացույցել է, որ անկեղծորեն վճռական է խաղաղության գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին», - ասում է նա:


Ամփոփելով, պետք է նկատել, որ տարվա ընթացքում, երբ Երեւանն ու Բաքուն փորձում էին հարցերը լուծել առանց միջնորդների տեսանելի մասնակցության,  նրանց հռետորաբանությունը փոփոխական էր՝ մեղմ-զգուշավորից մինչեւ ագրեսիվ հարձակողական։ Այդուհանդերձ, սահմանային միջադեպեր գրեթե չեն եղել, ինչը երկարատեւ արյունալի հակամարտություն վերապրած երկրների համար արդեն իսկ մեծ հաջողություն է։ 2024-ի ընացքում հայ-ադրբեջանական գործընթացը Երեւանում կառավարության հաժարականի պահանջով զանգվածային բողոքի ակցիաների տեղիք տվեց, սակայն Փաշինյանի իշխանությանը հաջողվեց շարունակել Բաքվի հետ հարաբերությւններում որդեգրած կուրսը։ Մնացորդում՝  երկու երկրները անկախության 30 տարների ընթացքում առաջին անգամ  ունեն 12 կիլոմետրանոց սահմանազատված սահման, ընդունվել եւ վավերացվել են  սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը,  որոնք պետք է հետագա գործընթացի հիմքը դառնան։