Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 2-ը դեկտեմբերի․ Վազգեն Մանուկյանը անկարգություններից հետո առաջին անգամ մտնում է ԱԺ (տեսանյութ)

1997-ի դեկտեմբերի 2-ին հիշել են հաշմանդամներին: Միջոցառումը տոնական չէր, այլ պարզապես հարգանքի տուրք: Նրանք դեռ արտոնություններ չունեն, փոխարենը այս օրը սպասվում էր օգնություն սննդի տեսքով: Մարդիկ չեն սպասում իրենց նվիրված համերգի ավարտին, վազում են օգնության դուռը: ԱԺՄ նախագահ եւ խորհրդարանի անդամ Վազգեն Մանուկյանը 1996-ի սեպտեմբերյան անկարգություններից հետո առաջին անգամ մտնում է Ազգային Ժողով: Մարդը եկել էր էլեկտրաէներգիայի սակագնի մասին Էդվարդ Եգորյանի օրինագծի քննարկումներին մասնակցելու: Մեկ ամիս առաջ նշանակված վարչապետ Արամ Սարգսյանը իր կառավարության ծրագիրն է ներկայացնում խորհրդարանին: Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի եղբայրը եկել է ասելու, որ ստվերային տնտեսության դեմ առավել համակարգված են պայքարելու, ինչպես նաեւ՝ քաղաքական ահաբեկչության դեմ:

1999-ի այս օրերին մեկ շաբաթ է, ինչ հոսանքազրկվել է միայնակ փախստական տարեցներով բնակեցված Երեւանի հանրակացարաններից մեկը: Բնակիչները 1 միլիոն 200 հազար դրամի պարտք ունեն: Մարդիկ ասում են՝ երբ հաշվիչները տեղադրեցին, արդեն ինչ-որ թվեր կային արձանագրված դրանց վրա:

2000-ի դեկտեմբերի 2-ին Ազգային Ժողովը պետական տոների մեջ վերականգնում է մարտի 8-ն ու մայիսի 1-ը: Սա կոմունիստ պատգամավորների ներկայացրած օրինագիծն էր: Այս երկու տոնին դեմ պատգամավորների թիվը շատ չէր: Վահան Բաբայանն ապրել է ցրտի, մթի եւ սովի տարիներին: Դա ուժեղացրել է նրան եւ 2000-ի այս օրը նա թույլ չի տա, որ իր՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Իդա Մարտիրոսյանը ոտնահարի իր իրավունքները: Ինքը այդ կնոջն անպայման պետք է պաշտոնանկ անի, նա կեղծել է կուսակցության անդամների թիվը:

2000-ի այս օրը ԱԺՄ-ն հրավիրում է արտահերթ համագումար: Այս կուսակցությունում խժդժություններ են, Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանն այլեւս Վազգեն Մանուկյանի զինակիցները չեն, նրանք պահանջում են նոր վարչություն, այսպիսի ԱԺՄ-ն մեկ ամիս հետո խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում կտապալվի:

Ի դեպ, այս կուսակցությունում փորձում են հասկանալ՝ իրենք իշխանամե՞տ ուժ են, թե՞ ընդդիմություն: Նրանք կառավարությունում մեկ անդամ ունեն հանձին Դավիթ Վարդանյանի: Մեկ տարվա ընթացքում ԱԺՄ-ի ներսում ձեւավորվեց երեք կուսակցություն: Իրենց կուսակցություններն են բացել Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը:

2001-ի դեկտեմբերի 2-ին Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն կրկին համագումար է հրավիրում: Նույն օրը տեղի ունեցող հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ ամբաստանյալ Կարեն Հունանյանին հարցաքննում է եղբայրը՝ Նաիրի Հունանյանը: Նրանք միմյանց դիմում են դուք-ով: Նաիրին հարցնում է՝ ու՞մն էր զինված ապստամբության գաղափարը: Կարենը պատասխանում է՝ գաղափարը ձերն էր, ինչպես նաեւ՝ իմը: Նույն օրը նկարչական աշխարհը հայտնում է Գրիգոր Խանջյանի «Վերածնունդ» եռանկարի աշխատանքներն ավարտելու մասին: Այն կիսատ էր մնացել վարպետի մահով եւ ավարտական վրձինը խփելու գործը մնացել էր զավակներին: Այս եռանկարը համարվում է ժողովրդական նկարչի գլուխգործոցը եւ հանձնվել է Մայր Աթոռին պատկանող Կասկադի սրահներից մեկում, որտեղ ջերմաստիճանի անկայունության պատճառով որմնանկարն սկսել է քայքայվել:

2003-ի այս օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին:

2010-ի այս օրը հայ երիտասարդները բողոքի երթ են անցկացնում ընդդեմ էմո շարժման աղավաղված ընկալման: Ըստ երիտասարդների, այս շարժման մասին մարդիկ սխալ պատկերացում ունեն, այն կապ չունի այլասերության կամ ինքնասպանության մղման դեմ: