Համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով հրազենով շուրջ յոթ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ, ով նույն օրը՝ ժամը 18:25-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր նույն գյուղի բնակիչներ են:
Քննչական խմբի քննիչների կողմից իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում համագյուղացիների միջև անձնական հարցի շուրջ ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ: Քննությամբ փաստվել է, որ տուժողի համագյուղացի, 43-ամյա անձը տեղեկացել է, որ տուժողը և վերջինիս որդիներից մեկը վիճաբանել ու հարվածել են իր որդուն: Նպատակ ունենալով վրեժխնդիր լինել՝ նա որոշել է ապօրինաբար կյանքից զրկելու եղանակով հաշվեհարդար տեսնել Ա.Բ.-ից և նրա որդիներից:
Այդ նպատակով, 43-ամյա անձը իր մոտ ապօրինի պահվող հրազենով նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, ընկերոջ հետ նստել է իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, իսկ ընկերն ավտոմեքենան վարել է գյուղի կենտրոնական փողոցով: Բանուկ հատվածում նկատելով տուժողի որդիներից մեկի՝ հանդիպակաց գոտով երթևեկող ավտոմեքենան, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, անտեսելով շրջակայքում բնակելի տների առկայության հանգամանքը 43-ամյա անձը ընթացքի ժամանակ, ավտոմեքենայի սրահից հրազենով շուրջ հինգ կրակոց է արձակել տուժողի որդու ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրակոցները չեն դիպել նշանակետին, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել:
Այնուամենայնիվ, նպատակադրվելով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել՝ նա վերոհիշյալ ընկերոջ հետ շարունակել է երթևեկությունը, ավտոմեքենան կայանել Ամբերդի միջնակարգ դպրոցի դիմաց։ Այնտեղ նկատելով դեպի իր ուղղությամբ երթևեկող Ա.Բ.-ի կողմից վարվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, վերստին հաշվի չառնելով շրջակայքում ուսումնական հաստատության և բնակելի տների առկայությունը, դպրոցի և տների միջնամասում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, նույն հրազենով շուրջ յոթ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումներ:
Այդ ընթացքում ընկերը, շարունակելով օժանդակել 43-ամյա անձին, ավտոմեքենան վարել ու կայանել է մոտակայքում՝ դպրոցի դիմաց, և սպասել ընկերոջը՝ վերջինիս հանցավոր մտադրությունն իրագործելուց անմիջապես հետո դեպքի վայրից նրա փախուստն անխոչընդոտ իրականացնելու նպատակով:
Դեպքից անմիջապես հետո 43-ամյա անձը, նստելով իրեն պատկանող, սակայն ընկերոջ կողմից վարվող ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ ավտոմեքենան, թաքցնելու նպատակով, տեղափոխել, կայանել են Արմավիրի մարզում գտնվող ոռոգման ջրի ջրատարի հարակից դաշտում և դիմել փախուստի։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ նրա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Վերջիններիս մասով նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ապօրինի զենքի և դրա ձեռքբերման մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե