A
A
Պոտենցիալը, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով․ Անահիտ Ավանեսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով։ Այս ոլորտում դեռ հեռու ենք ցանկալի արդյունքներից, բայց վստահաբար ունենք դրա մեծ ներուժը և ժամանակն է առաջ շարժվելու»,֊ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Բաց քննարկումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցության արդյունքում։
Քննարկմանը ներկա էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։
Նախարար Ավանեսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են` բուժկենտրոնների հիմնորոգում, վերազինում, էկեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորման, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։
«Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է և զբոսաշրջային ոլորտի զարգացմանը նպաստող այս ոլորտի համար շատ ավելի եկամտաբեր ուղղություն։ Տուրիզմի զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել առողջապահական տուրիզմին», - նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հայտնելով պատրաատակամություն առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցել։ Նա անդրադարձել է նաև բժշակական սարքավորումների ձեռքբերման պետական լիզինգային ծրագրին։
Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեծ ձեռքբերումների արդյունքում` արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունները հաղթահարելու համար Հայաստան են գալիս ոչ միայն հայազգիներ, այլև քաղաքացիներ աֆրիկական երկրներից, Անգլիայից։
Ակնաբուժական, ստոմատոլոգիական, էսթետիկ բժշկությունն այն հիմնական ուղղություներն են, որոնց բուժծառայություններից օգտվելու համար առավել հաճախ են մարդիկ գալիս մեր երկիր։
Որո՞նք են այն հիմնախնդիրները, որ խոչըդոտում են մեր երկրում այս ոլորտի զարգացմանը, ի՞նչ կարող է անել պետությունը Հայաստանը հենց բժշկական զբոսաշրջության առումով աշխարհին ճանաչելի դարձնելու համար. քննարկմանն այս հարցերի շուրջ իրենց առաջարկներն են արել մասնակիցները։