Օրացույց․ 30-ը հոկտեմբերի. Ռ. Քոչարյան. Ո՞վ կարող է ինձ հետ վերջնագրով խոսել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում միտինգ է անում Դաշնակցությունը: Վահան Հովհաննիսյանը եկել էր ասելու, որ Դաշնակցությանը պետք է ժողովրդի ուժը, ժողովուրդը նրա հետ համաձայն չէ: Նրանք հիշում էին, որ Դաշնակցությունը Քոչարյանին պաշտպանելիս բազմաթիվ խոստումներ է տվել, թող դրանք իրագործի:
1998-ի այս օրը Միացյալ Նահանգների նոր դեսպան Մայքլ Լեմոնն իր դիվանագիտական աշխատանքը կսկսի դեսպանատան շուրջ բետոնե պատնեշ կառուցելով: Դա պարտադրված քայլ է այն բանից հետո, երբ Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատեն են պայթեցվել, որոնց արդյունքում կան զոհեր: Դեսպանը հիշեցնում է՝ մեր դեսպանատան շուրջ երկու դպրոց կա, եթե պայթեցնեք, նրանք էլ կտուժեն:
1999-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունում է նորընտիր կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ Կիլիկիո կաթողիկոսին: Վերջիններս ցավակցում են Քոչարյանին հոկտեմբերի 27-ի դեպքերի առթիվ եւ վստահեցնում, որ վերջինիս սառնասրտության շնորհիվ խուսափեցին նոր զոհերից: Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի առիթով Հայաստան է ժամանում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Վերջինս մոտ 20 օր առաջ էր հանդիպել վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, որը 27-ի զոհերից մեկն է: 10 օր հետո հեռախոսազրույց էր ունեցել Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ:
Օդանավակայանից Պուտինը մեկնում է Ազգային օպերայի շենք, որտեղ սպանվածների մարմիններն են: Այնուհետեւ Պուտինը ժամանում է Բաղրամյան 26, որտեղ հայտարարում է, որ աջակցում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա նաեւ ասում է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել հայ իրավապահներին բացահայտելու հոկտեմբերի 27-ի հանցագործությունը: Այստեղ լրագրողները Քոչարյանին հարցնում են Պաշտպանության նախարարության ներկայացրած վերջնագրի մասին: 1999-ի հոկտեմբերի 31-ին տեղի է ունենում հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունը: Վազգեն Սարգսյանի դագաղի առջեւ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 99 թիվը իր համար սեւ տարի էր, ինքն արդեն կորցրել էր իր եղբորը՝ Վալերիկ Քոչարյանին:
2000-ի հոկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Արկադի Վարդանյանն ասում է, որ շուտով պետք է ավարտվի պայքարը: Նա Քոչարյանին մեղադրում է Հայաստանն առանց հայերի թողնելու ծրագիր իրականացնելու մեջ: Նույն օրվա առավոտյան Վարդանյանի գրասենյակ էր այցելել ոստիկանությունը եւ դռները ջարդելով նրան հրավիրում էր 10 րոպեանոց զրույցի: Վարդանյանը համաձայն է, մինչ այդ սակայն պետք է ավարտի հեղափոխությունը:
Ցուցարարների հետ Ազատության հրապարակից նա մեկնում է Բաղրամյան 26, որպեսզի հաջողացնի Քոչարյանի հրաժարականը: Աշխատակազմի ներկայացուցիչն ընդունում է երկու ցուցարարի եւ ասում՝ ձեր պահանջը կփոխանցենք նախագահին: Եվ հեղափոխությունն ավարտվում է Ազատության հրապարակ վերադառնալով: Իսկ ուշ երեկոյան ոստիկանությունը հենց բնակարանից բերման է ենթարկում եւ10 օրով ձերբակալում է Արկադի Վարդանյանին:
Վարդանյանի կինը հաջորդ օրը լրագրողներին ասում է, որ ձերբակալության պատճառը Վարդանյանի կողմնակիցների անօրինական երթն էր դեպի Բաղրամյան 26: Մեկ տարի անց հոկտեմբերի 30-ին մտավորականները նկատում են, որ այդպես էլ չհասկացան այն առեղծվածը, որով Արկադի Վարդանյանը մտավ հայ քաղաքական դաշտ ու դուրս եկավ:
Փաստաբանական երեք միություններից երկուսը 2001-ի այս օրերին միավորվում են նախաքննական եւ դատական մարմինների վերաբերմունքին դիմակայելու համար: Պաշտպաններն այսօր ամենանապաշտպանն են,-հայտարարում են փաստաբանները 2001-ի հոկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Վանաձոր: Նրա տրամադրությունը բարձր է, նորակառույց ճանապարհով է եկել:
Քոչարյանը այցելում է Ախթալայի նորաբաց լեռնահարստացման կոմբինատ, որտեղ ընկնում է հիշողությունների գիրկը:
2006-ի հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը հայտարարում է, որ 1992 թվականից ի վեր երկրից հեռացել է 900 հազարից մինչեւ 1 միլիոն հայաստանցի: Գործակալությանը պետը ավելացնում է, որ սկսած 2001 թվականից արտագաղթի ցուցանիշը մեր երկրում «գրեթե զրոյի է հասել»: