Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captֆդֆդure
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը չի ցանկանում որևէ բարելավում հայ-թուրքական հարաբերություններում. տեսակետ

Ամերիկայի Ձայն

Թուրքիան շարունակում է հետևել հայ-ադրբեջանական գործընթացին: Երևանի հետ հարաբերությունների կարգավորումն Անկարան սերտորեն կապում է այդ գործընթացի հաջողության հետ: Քննարկում են վերլուծաբանները

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս Թուրքիայի կառավարության նիստից հետո հայտարարել է, որ Անկարան սերտորեն հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերին: Նա շեշտել է՝ Թուրքիան շարունակելու է «համակարգված աշխատանք տանել ադրբեջանցի եղբայրների հետ»՝ մշտական խաղաղության հասնելու համար:

«Մեր ցանկությունն է` հնարավորինս շուտ ստանալ լավ լուրեր՝ առանց հնարավորություն տալու այն կենտրոններին, որոնք փորձում են խաթարել գործընթացը»,– ասել է Թուրքիայի նախագահը, ով, սակայն, չի մանրամասնել, թե որ ովքեր են փորձում խաթարել հայ-ադրբեջանական գործընթացը:

Իր խոսքում Էրդողանը կարևորել է «3+3» հարթակը՝ հիշեցնելով, որ այս հոկտեմբերի 18-ին Թուրքիան Ստամբուլում հյուրընկալել էր Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներին:

Թուրք առաջնորդի խոսքով` ցանկանում են առաջիկայում ինստիտուցիոնալացնել այդ մեխանիզմը` հավելելով, թե 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծվել է յուրահատուկ հնարավորություն՝ Հարավային Կովկասում մշտական խաղաղության համար, և որ խաղաղության քամիներ են փչում հարավկովկասյան տարածաշրջանից, որը նախկինում ասոցացվում էր ցավի, օկուպացիայի և հակամարտության հետ:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի կարծիքով՝ Անկարան այսօր չունի հստակ քաղաքականություն Հարավային Կովկասի ու մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով Էրդողանի սերտ կապերը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ով Կովկասը դիտարկում է որպես Կրեմլի ազդեցության գոտի:

«Էրդողանը սպասողական կեցվածք է որդեգրել, քանի որ եթե բացի սահմանը և լավ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, ապա դա, իհարկե, կմեղմացնի ռիսկերը Հայաստանի համար, բայց դժգոհություն կառաջացնի Պուտինի մոտ։ Այդ իսկ պատճառով Էրդողանը չի գնում այդ քայլին»,- ասում է Փալյանը:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում, նա առանձնացրել է Ադրբեջանը որպես մյուս կարևոր գործոն, որը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Մեր զրուցակցի պնդմամբ՝ Բաքուն հսկայական տնտեսական, քաղաքական և ֆինանսական ներդրումներ է կատարել Թուրքիայում՝ լուրջ ազդցություն ձեռք բերելով Անկարայի վարած քաղաքականության նկատմամբ, մասնավորապես` Հայաստանի հարցում:

Փայլանն ընդգծեց՝ Բաքուն ևս չի ցանկանում բաց տեսնել հայ-թուրքական սահմանը և օգտվում է Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսության սահմանափակ բնույթից:

«Ադրբեջանն ունի գերիշխող դեր [թուրք-ադրբեջանական դաշինքում]: Սա զավեշտալի է, քանի որ, սովորաբար, խոշոր պետություններն են ավելի մեծ ազդեցություն ունենում փոքրերի վրա։ Բայց այս հարաբերություններում, կարծում եմ, առավել մեծ ազդեցություն ունի ավելի փոքր պետությունը՝ Ադրբեջանը։ Բաքուն, օրինակ, մեծ ազդեցություն ունի թուրքական լրատվամիջոցներում, ուստի հեշտությամբ կարող է մանիպուլացնել Անկարայի քաղաքականությունը այս կամ այն անելու համար»,- պնդում է Փալյանը:

Չնայած Բաքվի և Մոսկվայի հարուցած խոչընդոտներին, Գարո Փայլյանի կարծիքով, Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները և սահմանի վրաբացումը փորձում է օգտագործել Արևմուտքի հետ բանակցություններում:

Քարնեգի հիմնադրամի վելուծաբանը վստահ է՝ առաջընթացի բացակայության պատճառն այն է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Էրդողանն ավելի շատ կկորցնի, քան ձեռք կբերի:

Փալյանը կոչ արեց արևմտյան տերություններին խրախուսել Անկարային Հայաստանի հետ հարաբերությունների վերականգման հարցում:

«Գիտեմ պարոն Էրդողանի մտածելակերպը: Նա միշտ նայում է, թե ինչ է կորցնում և ինչ է շահում: Եթե այս հարցում ձեռքբերումները լինեն ավելի շատ, քան կորուստները, ապա նա պարզապես կբացի սահմանը և կփորձի համոզել Ալիևին ստորագրել խաղաղության պայմանագիրը: Սա է Հայաստանի միակ ելքը»,- նշում է Փայլյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանն, իր հերթին, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Թուրքիան չի կարող հանդիսանալ լուրջ միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ Անկարան այս հակամարտության կողմ է, ինչպես Ռուսաստանը:

«Թուրքական և ադրբեջանական դիրքորոշումները շատ առումներով նույնն են։ Եթե Երևանից նայեք դեպի արևելք և արևմուտք, ապա քաղաքական իմաստով, ոչ աշխարհագրական, երկու կողմից էլ Բաքուն է, որովհետեւ այն պահանջներն ու պայմանները, որ դնում է թուրքական պետությունը Հայաստանի առջև, Թուրքիայի պահանջները չեն, ինչպես որ եղել է հինգ տարի առաջ։ Դրանք հիմնականում Ադրբեջանի պահանջներն են։ Անկարայից Երևանին ասում են՝ արե՛ք այնպես, ինչպես Ալիևն է ասում, և ամեն ինչ լավ կլինի։ Ինչ է նշանակում լավ կլինի, չի բացատրվում, բայց մոտեցումը դա է»,- պնդում է Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ հայկական կողմի փորձերը ներգրավվել երկխոսության մեջ Թուրքիայի հետ, մի գուցե, քաղաքականապես ճիշտ քայլ է, սակայն, ըստ վերլուծաբանի, դժվար թե փոխի Անկարայի մոտեցումը: Երևանը ձգտում է խաղալ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև տեսանելի տարաձայնությունների վրա, որոնք հաճախ չեն առնչվում Հայաստանին: Դրանց թվում են, ըստ Իսկանդարյանի, Ռուսաստանի և Իսրայելի հետ Ադրբեջանի փոխգործակցությունը, թուրք-իսրայելական բարդ հարաբերությունները, Իրանին առնչվող խնդիրները։ Նա, սակայն, հակված չէր կարծել, որ Բաքվի ու Անկարայի միջև տարաձայնություններն այնքան խորն են, որ հնարավորություն կտան Երևանին փոխել Թուրքիայի դիրքորոշումը:

«Այնտեղ, իհարկե, առկա են որոշակի հակասություններ։ Դա միանգամայն բնական է: Թուրքիան և Ադրբեջանը շատ մոտ երկրներ են, բայց տարբեր։ Նրանք ունեն տարբեր չափումներ, տարբեր շահեր, տարբեր քաղաքական ձևաչափեր։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մի երկիր է, որն ունի իր քաղաքականությունը և շահերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին»,- ասում է Կովկասի ինստիտուտի տնօրենը:

Իսկանդարյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունն առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի համար ռազմավարական առումով Հարավային Կովկասում հաստատվելու միակ ձևն աջակցությունն է Ադրբեջանին, իսկ վերջինս դեմ է հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած բարելավմանը:

«Կարծում եմ` այս վիճակը կշարունակվի և կմնա մոտավորապես նույնը՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական վերնախավը փորձում է ինչ-որ կերպ օգտագործել ստեղծված կացությունը՝ իրադրությունը փոփոխելու համար»,- նշում է Իսկանդարյանը։

Վերլուծաբանը չի բացառում, որ կլինեն նոր պայմանավորվածություններ ու խոստումներ, որոնք, ըստ նրա, հավանաբար, կրկին կմնան թղթի վրա: Եթե նույնիսկ իրականացվեն, ինձ համար դժվար է լուրջ փոփոխություններ ակնկալել այսօր հայ-թուրքական գործընթացում, ընդգծել է Իսկանդարյանը։