Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԿՄ
A A
Պաշտոնական

ԵԿՄ-ն հետամուտ ու պահանջատեր է Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուսների սպանությունների լիարժեք բացահայտմանը․ հայտարարություն

ԵԿՄ հայտարարությունը

1999 գարնան ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը ազատ և արդար քվեարկություններով ստացավ ընտրողների ճնշող մեծամասնության քվեն: Վազգեն Սարգսյանին փաստորեն ժողովուրդն ընտրեց ՀՀ վարչապետ, իսկ Կարեն Դեմիրճյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը թիկունքում ունենալով կառավարող կոալիցիայի անվերապահ աջակցությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտների արմատական բարեփոխումների, երկրում կարգ ու կանոնի հաստատմանը, անպատժելիության, կաշառակերության ու չարաշահումների երևույթների արմատախիլ անելու գործին: Կարճ ժամանակում կառավարության գործունեության ձևերն ու մեթոդները, արձանագրած արդյունքները ժողովրդի լայն շրջանակների մոտ երկրի ապագայի հանդեպ հույս ու հավատ էին ներշնչել: Տարածաշրջանային և մյուս միջազգային գործընկերների հետ Հայաստանը սկսել էր խոսել հավասարը հավասարի դիրքերից:
Բայց եղավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը… Մի խումբ ոճրագործների ձեռքով ԱԺ դահլիճում գլխատվեց «Միասնություն» դաշինքը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, սպանվեցին ու վիրավորվեցին ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ:
Հանցագործության հետքերը տանում էին նախագահական և Քոչարյանին վստահելի քաղաքական ուժեր: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ամեն ինչ բացահայտված է, և «սա ուչաստկովի գործ է»:
Ձերբակալվեց ու կալանվեց նախ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ապա Հանրային հեռուստատեսության տնօրենի տեղակալը, քաղաքական հայտնի շրջանակների ներկայացուցիչ պատգամավորը:
Նախաքննությունը ընդհուպ մոտեցել էր պատվիրատուներին ու կազմակերպիչներին:
ՀՀ նախագահի ու նրա աջակիցների գործադրած խարդավանքների ու մանիպուլյացիաների արդյունքում քայքայվեց ու պառակտվեց «Միասնություն» դաշինքը, գեներալական կոչումներ ու բարձր զինվորական պաշտոններ շռայլելով «գնվեց» բանակի ու երկրապահի ղեկավարությունը: Ի վերջո Քոչարյանը իր ձեռքում հավաքեց գործադիր, օրենսդիր ու դատական ողջ իշխանությունը:
2000 թվի գարնանը, արդեն առանց որևէ մտահոգության Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից ազատեց վարչապետ Արամ Սարգսյանին, և կառավարությունը գործադիրը մաքրեց Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին հավատարիմ մնացած պաշտոնյաներից:
Դատարանը մեկը մյուսի հետևից կալանքից ազատեց տեռորիստական ակտի կատարման դրդչության և օժանդակության մեղադրանքներով կալանավորված պաշտոնատար անձանց:
Գլխավոր ոճրագործը արի ու տես որ հրաժարվեց պաշտպանի մասնակցությամբ հարյուրավոր էջերով իր ձեռքով, անձամբ գրված ու ստորագրված, առերես պնդած ցուցմունքներից:
Գլխավոր դատախազությունը քննչական խմբի անդամների վրա քրեական գործ հարուցեց «մտացածին չարաշահումներ կատարելու փաստով» և ձեռնամուխ եղավ ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը:
ՀՀ զինվորական դատախազը չունենալով այլևս քաղաքական և ուժային որևէ հենարան, ենթականերին ապօրինի քրեական հետապնդումներից փրկելու միտումով դատարան ուղարկեց միայն կատարողների մասով մեղադրանք, կազմակերպիչների ու օժանդակողների մասը պահելով իր վարույթում, ավելի նպաստավոր քաղաքական պայմաններում ընթացք տալու մտադրությամբ, սակայն, կարճ ժամանակ անց այդ մասը պահանջեց ՀՀ գլխավոր դատախազը, որտեղ էլ այն շուտով կարճվեց առանց լուրջ քննություն կատարելու:
2018 թվականի իշխանափոխությունից հետո «հոկտեմբերի 27-ի» տուժողների իրավահաջորդների միջնորդություններից հետո, ի վերջո, գործի կարճումը վերացվեց և նախաքննությունը վերսկսվեց:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 25 տարի, գործի կարճումը վերացնելուց հետո՝ գրեթե չորս տարի, ունենք նոր ՀՀ գլխավոր դատախազ, քննչական մարմինների ղեկավարներ:
 
ՀՀ իրավապահ համակարգում այլևս խանգարող կառույցներ ու պաշտոնյաներ չկան:Նույնիսկ արտաքին հետախուզության նոր մարմին է ձևավորվել:
ԵԿՄ հետամուտ ու պահանջատեր է հավերժ նախագահ, վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և մյուսների սպանությունների լիարժեք բացահայտմանը:
 
Առանց հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման, բոլոր մեղավորների վերհանման ու քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստան պետությունն ու նրա ապագան վտանգված է մնալու:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝
Սասուն Միքայելյան