Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 10-ին, ժամը 18.06-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Շահումյան 2-րդ փողոցի բնակիչը հայտնում էր, թե մոտ մեկ ժամ առաջ նկատել են, որ տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր: Հաջորդ ահազանգը ստացվեց 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնում էր, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր:
Երկու դեպքով էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ներկայացնում է ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Էրիկ Գրիգորյան. «Ահազանգերը ստանալուն պես առանձին օպերատիվ խմբերով մեկնեցինք դեպքի վայրեր: Իրականացվեցին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նաև օպերատիվ զրույցներ ունեցանք ահազանգողների, ականատեսների հետ: Երկու տարբեր հասցեներում կատարված հափշտակությունների ձեռագրերի նմանությունն ակնհայտ էր, և վարկած առաջ քաշվեց, որ երկու բնակարանից էլ գողությունը կատարել է նույն անձը»:
Չնայած երկու տունն իրարից շատ հեռու էին, սակայն նմանությունն ակնհայտ էր: Առաջին դեպքում ոչ պատուհան էին կոտրել, ոչ դուռ: Պարզվեց, որ այս տանտերերը սովորություն ունեն հեռանալիս բանալին թողնել դռան մոտ դրված ծաղկամանի տակ: Երկրորդ դեպքում նույնպես դուռ ու պատուհան մնացել էին անվնաս: Տանտերը հայտնեց, որ մի անծանոթ էր մտել իրենց բակ` իբր ինչ-որ մարդու է փնտրում և այդ ընթացքում էլ աննկատ վերցրել է բանալին:
Մալաթիայի քրեական հետախույզները հնարավորինս արագ ուսումնասիրեցին դեպքի վայրերի մոտակայքում տեղադրված հսկող սարքերի տեսագրությունները և հաստատեցին քաշած վարկածը: Սակայն դիմագծերով ճշտել կատարողի ինքնությունը` հնարավոր չէր, և իրավապահները շարունակեցին օպերատիվ աշխատանքը:
Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ «Շահումյան 2-րդ փողոցում գողությունն ավարտին հասցնելուց հետո կատարողը Սեբաստիայի փողոցում նստում է տաքսի և ուղևորվում Մուրացանի հիվանդանոց` իր ծանոթ հիվանդին տեսության: Այստեղ արդեն կարողացանք ճշտել նրա ինքնությունը. Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդն էր, որն, ի դեպ, նախկինում նմանատիպ հանցագործությունների համար դատապարտված լինելով` այս տարվա հուլիսի 12-ին էր միայն ազատվել պատժի կրումից»:
Իրավապահները պարզեցին նաև, որ 36-ամյա տղամարդը փաստացի բնակվում է մայրաքաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկում: Այստեղ, սակայն, նրան գտնել չհաջողվեց:
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին, ժամը 16.55-ին, 36-ամյա տղամարդը հայտնաբերվեց Մարտունի տանող ճանապարհին, ձերբակալվեց և ներկայացվեց նախ ոստիկանության, ապա` քննչական բաժին: Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:
Բայցևայնպես, զգուշացնենք հատկապես առանձնատներում ապրող մեր քաղաքացիներին, որ տնից բացակայելու դեպքում բանալին չթողնեն մոտակայքում` մուտքի գորգի կամ ծաղկամանի տակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: