Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեկնարկեց սոցիալական սրճարան հիմնելու «Ճախրուկ» ծրագիրը. այն կբացվի 2025 թվականի ամռանը (տեսանյութ)

«Իմ Քայլը» հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, «Ճախրուկ» ՀԿ-ի, «Երեմյան Փրոջեքթս»-ի և «Դայմոնդ» ռեստորանի միջև ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր

Հոկտեմբերի 22-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, «Ճախրուկ» ՀԿ-ի, «Երեմյան Փրոջեքթս»-ի և «Դայմոնդ» ռեստորանի միջև ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, «Ճախրուկ» ՀԿ նախագահ Անուշ Մխիթարյանը, «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Դավիթ Երեմյանը, «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր և տնօրեն Նարինե Չարչյանը։

Հատուկ կարիքներ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելը թե՛ պետության, թե՛ «Իմ Քայլը» հիմնադրամի և թե՛ հուշագիրը ստորագրած մյուս կողմերի համար առաջնահերթություն է, ուստի ստեղծվող «Ճախրուկ» սոցիալական սրճատունը դառնալու է մի վայր, որտեղ աշխատելու են մտավոր և ֆիզիկական առանձնահատկություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները՝ բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

«Սրճատանը աշխատանքի անցնող անձինք նախ կանցնեն վերապատրաստման դասընթացներ, ինչից հետո կսկսեն աշխատել։ Սոցիալական սրճատուն հիմնելու նպատակն է կրթել մեր հասարակությանը, փոխել նրանց մտածելակերպը և ավելացնել գիտակցության զգացումը։ Մյուս նպատակը հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մնայուն աշխատանք ու կայուն եկամուտ ապահովելն է, որ դառնան ինքնուրույն և ապահովեն իրենց առօրյա կարիքները։ «Ճախրուկ» սրճատունը պետք է դառնա կամուրջ՝ հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց միջև, որը կապահովի նրանց ներգրավվածությունն ու ինտեգրումը հասարակությունում»,- ընդգծել է Թալին Թօփալաքեանը։

Սրճատանը լինելու է նաև արվեստի անկյուն, որտեղ ներկայացված են լինելու հատուկ կարիքներ ունեցող անձանց ձեռքի աշխատանքները՝ տեղեկացրել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրենը։

«5 տարի աշխատելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, նրանց երազանքը դարձել է մեր երազանքը և հակառակը։ Այս ընթացքում մենք հասկացանք, որ այդ մարդիկ պետք է աշխատեն, դուրս գան միջավայր, գործակցեն բոլորի հետ, որից էլ առաջացավ գաղափարը՝ ստեղծել մի վայր, որտեղ կաշխատեն հատուկ կարիքներ ունեցող անձինք, այդ թվում «Ճախրուկ»-ները։ Կարևորում ենք այն, որ

գործակցելու ենք «Իմ Քայլը» հիմնադրամի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ։ Գաղափարը շատ մեծ է և մեզ շատ բարդ աշխատանք է սպասվում, բայց ես վստահ եմ, որ ցանկացած դժվարություն կհաղթահարենք՝ ի բորօրություն յուրաքանչյուր այն անձի, որը կգա և կաշխատի սրճատանը»,- նշել է «Ճախրուկ» միջազգային փառատոնի հիմնադիր Աննա Մխիթարյանը։

Կողմերը նպատակադրված են «Ճախրուկ» սրճատունը հանձնել շահառուներին և հասարակությանը 2025 թվականի ամռանը։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել «Երևանյան Թմբուկներ» խումբը և կարճ երաժշտական համարով հանդես են եկել «Ճախրուկ»-ները։