Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կամավորների վերապատրաստում VOLFIRE ծրագրի շրջանակներում (տեսանյութ)

Կամավոր կարողությունների միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված՝ հոկտեմբերի 7-ից 18-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների համար կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման երկփուլ դասընթացներ՝ յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ։

Հատկանշական է, որ Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող (VOLFIRE) ծրագիրը հսկայածավալ աշխատանք է կատարում ՀՀ-ում կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությամբ՝ առաջարկելով գործիքներ, փոխանցելով համապատասխան ռեսուրսներ, առաջարկություններ և լավագույն փորձի օրինակներ, ինչը խթան է հանդիսանում կամավորների կողմից արտակարգ իրավիճակներում առաջին արձագանքման պատրաստակամության բարձրացմանը։

Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են Լուսակերտի ուսումնական բազայում: Ծրագրի հիմքում 8 գործող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կարողությունների զարգացումն է, ինչպես նաև 4 նոր ջոկատների ստեղծումը, անգարների ու հնամաշ ավտոբաքերի վերանորոգումը, հրշեջ-փրկարարական ջոկատներին անհրաժեշտ հրշեջ-փրկարարական գույքով վերազինումը։

Վերապատրաստման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը, Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ և (VolFire) ծրագրի համակարգող Թիերի Ժիրարդը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսեսյանը և Ավստրիական զարգացման գործակալության Հայաստանում տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կապպերը։  Ծրագրի բացմանը ներկա էր նաև Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինություն  (EU DG ECHO) փորձագետ Նիկոլաս Լուիսը։

Դասընթացի կազմակերպիչների և դասընթացավարների շարքերում էին ծրագրի շրջանակներում վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներին մասնակցած փրկարարական ծառայողները, ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի փրկարարական ծառայողները, ՃԿՊԱ դասախոսները, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները, ծրագրում ներգրավված փորձագետները, ինչպես նաև Ֆրանսիայից ժամանած հրահանգիչները։

Վերապատրաստումների ընթացքում ուսուցանվողներին ներկայացվեցին «Անտառային և բնության մեջ հրդեհների», «Գործառնական կառավարման», «Ազդարարման համակարգման», «Կառուցվածքային և գործառնական հրդեհների», «Տեխնոլոգիական և բնական ռիսկերի», «Առաջին օգնության», «Հոգեբանական առաջին օգնության» վերաբերյալ տեսական գիտելիքներ: Ֆրանսիացի մասնագետները  կամավորներին փոխանցեցին իրենց փորձը, ներկայացրեցին հրդեհաշիջման տեխնիկաների հնարավորությունները և հարցուպատասխանի միջոցով մասնակիցներին հետաքրքրող խնդիրներին տրվեցին լուծումներ։ Հաջորդիվ կամավորները ծանոթացան գործնական մոդուլներին՝ արդեն վարժանքների և տակտիկական պարապմունքների տեսքով։

Դասընթացների ընթացքում աշխատելով հայ կամավորների հետ և ծանոթանալով նրանց գործնական հմտություններին՝ ֆրանսիացի փորձագետ Բերնարդ Ժանինը հատուկ մատնանշեց վերջիններիս լավ վարքագծի ցուցաբերումը և ասաց․ «Վերապատրաստմանն ընդգրկված են տարբեր շրջաններից խմբեր և անգամ նորընծա կամավորներ, ովքեր առաջին անգամ էին ծանոթանում ոլորտին, և մենք շատ զարմացած ենք իրենց վարքագծով։ Բոլորը շատ դինամիկ են, էներգիայով լի և շատ արագ։ Կամավորների ցանկում կան և՛ տղաներ, և՛ աղջիկներ, ովքեր շատ շուտ ադապտացվեցին և մեծածավալ դասեր քաղեցին, ինչը շատ գովելի է և նկատելի»։

Ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում, վերապատրաստման մասնակիցների հավաստագրում։ 

Հարկ է նշել, որ դասընթացները լինելու են շարունակական՝ նպաստելով ՀՀ բոլոր մարզերում արտակարգ իրավիճակների արձագանքման կամավորական ինստիտուտի զարգացմանը։