«Նախադպրոցական երեխային ընդառաջ» համաժողովը կկայանա Երևանում և Գյումրիում
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականի հոկտեմբերի 18-20-ը կանցկացվի «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը՝ համատեղ կազմակերպված «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի» ՀԿ-ի, «Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնք» հարթակի, Աստեր կրթական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից: Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 18, 19 Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան) և հոկտեմբերի 20-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց Տանը:
Այս համաժողովը աննախադեպ է իր ծավալով և ընդգրկմամբ՝ ներգրավելով 30-ից ավելի խոսնակներ և 200-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից և Հայաստանի բոլոր մարզերից:
Համաժողովի եզակի բնույթը հատկապես ընդգծվում է նրանով, որ միջոցառման մեկ օրը կանցկացվի Գյումրիում՝ հատուկ շեշտադրումով տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման վրա: Համաժողովի նպատակն է նպաստել նախադպրոցական կրթության որակի բարձրացմանը՝ խթանելով լավագույն փորձի փոխանակումը, մասնագետների մասնագիտական աճը և նոր հմտությունների զարգացումը: Մասնակիցները կծանոթանան ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին և դասավանդման նորարարական մեթոդաբանություններին՝ բարելավելու նախադպրոցական հաստատություններում ուսումնադաստիարակչական գործընթացը:
Նախաձեռնությունը նաև միտված է ամրապնդել համագործակցությունը պետական և մասնավոր ոլորտների միջև, ապահովել գիտելիքների և փորձի ակտիվ փոխանակում, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել համատեղ նախագծերի և նախաձեռնությունների համար: Համաժողովի մանրամասները հասանելի են ՄՆՀԱԱ պաշտոնական կայքում: