Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-T7Vmvyjf2p
A A
Պաշտոնական

Արմենիա ԲԿ-ն՝ 21-ամյա աղջկա մահվան դեպքի մասին

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի հայտարարությունը․

 Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մահացել, մայրը հայտնել է, որ աղջկա ձեռքերը կապել են, հարվածել» վերտառությամբ հոդվածների, «Արմենիա» բժշկական կենտրոնը տեղեկացնում է.
 
Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ է ընդունվել քաղաքացի Ս.Ս.-ն՝ թունավորման ախտանիշներով: Նախնական զննման ընթացքում Ս.Ս-ն տեղեկացրել է բժշկին, որ ընդունել է 59 հատ «Կոլխիցին» դեղահաբ: Բուժառուն անմիջապես տեղափոխվել է տոքսիկոլոգիական բաժանմունք՝ բուժումը սկսելու նպատակով: Որոշ ժամանակ անց բուժառուն հրաժարվել է բուժօգնությունից և ցանկություն հայտնել լքել բուժհաստատությունը: Ինչպես բուժառուին, այնպես էլ նրանց հարազատներին, ներկայացվել է բուժհաստատությունը լքելու վտանգները և հետևանքները, ներառյալ՝ հավանական մահը: Սակայն, ցավալիորեն, և՛ բուժառուն, և՛ նրա հարազատները պնդել են իրենց ցանկությունը: Առկա է բուժառուի ձեռքով գրված հրաժարականը, որի տակ դրված է նաև հարազատների ստորագրությունը: 
 
Հաջորդ օրը, հոկտեմբերի 6-ին, բուժառուն ավելի ծանր վիճակում կրկին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունք, որտեղից հոկտեմբերի 7-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենիա» ԲԿ մուտք գործելու պահից բուժանձնակազմի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր բժշկական գործողությունները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և հոկտեմբերի 8-ին, ժամը 11.20-ի սահմաններում արձանագրվել է բուժառուի կենսաբանական մահը: 
 
Սուր թունավորումների և մի շարք այլ պարագաներում, և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում ընդունված բժշկական ընթացակարգերը նախատեսում են, բուժառուի շարժողականության սահմանափակում՝ ինքնավնասման վտանգը չեզոքացնելու նպատակով: Իսկ գիտակցության կորստի պարագայում, նույն միջազգային ընթացակարգերը նախատեսում են ցավ պատճառելու միջոցով հիվանդի գիտակցության առկայության ստուգումը կամ հիվանդին գիտակցության բերելը: 
 
Այս դեպքի հետ կապված ողջ տեղեկատվությունը և անհրաժեշտ բացատրությունները տրվել են նաև ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք երկու անգամ այս կապակցությամբ այցելել են «Արմենիա» ԲԿ: 
 
Մեզ համար ցավալիորեն զարմանալի է, որ այդ ընթացքում ոչ մի լրատվամիջոց կամ լրագրող, որոնք հրապարակել են իրականությանը չհամապատասխանող այս տեղեկությունները, չեն դիմել «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը՝ պարզաբանում ստանալու և մյուս կողմի կարծիքը ներկայացնելու նպատակով: Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ հետայսու նման զգայուն խնդիրներ լուսաբանելիս լսել բոլոր կողմերի կարծիքները՝ հանրությանն ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար: «Արմենիա» բժշկական կենտրոնը հայտնում է իր պատրաստակամությունը լրատվամիջոցների հետ համագործակցելու հարցում: