ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ․Ո՞ր դեպքում լիցենզիայի ներդիրի բացակայությունը չի կարող լինել աշխատանքների դադարեցման պատճառ
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս։ Այն դեպքերում, երբ կազմակերպությունը վերալիցենզավորված է, ունի այդ պահին իրականացվող աշխատանքներին համապատասխանող ներդիր, գործունեության մյուս տեսակների ներդիրների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքների դադարեցման համար։
Օրինակ՝ դպրոցի կառուցման ընդհանուր պայմանագիր կնքած կազմակերպությունը, որը նոր ընթացակարգով ստացել է բնակելի, հասարակական, արտադրական կառույցների շինարարության իրականացման լիցենզիայի ներդիր, կարող է կատարել այդ ներդիրին համապատասխան աշխատանքները, մինչև կստանա մյուս աշխատանքների՝ կապի, ջրամատակարարման կամ էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ ներդիրները։ Այսինքն՝ պարտադիր պայմանը տվյալ պահին իրականացվող գործունեության տեսակին համապատասխան լիցենզիայի և ներդիրի առկայությունն է։
Պատվիրատուները կարող են առաջնորդվել այս սկզբունքով՝ ապահովելով ծրագրերի անընդհատությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ից հետո լիցենզավորման և հավաստագրման գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել լիցենզավորման վարչություն՝ 011 621 761, 011 621 763, 011 621 766, 011 621 812 և 011 621 730 հեռախոսահամարներով կամ «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ՝ 010-58-59-80 և 0-8000-2020 հեռախոսահամարներով։
Քաղաքաշինության կոմիտե