«WCIT 2024-ը ևս մեկ անգամ գալիս է ընդգծելու մեր երկրի ամուր կամքը՝ դառնալու տեխնոլոգիական կենտրոն»
Աջակցիր «Ա1+»-ինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 5-ին մեկնարկել է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ WCIT 2024-ը, որն անցկացվում է«Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։
WCIT 2024-ի հանդիսավոր բացմանը՝ խոսելով միջոցառման կարևորության մասին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն ևս մեկ անգամ գալիս է ընդգծելու մեր երկրի հստակ և ամուր կամքը՝ դառնալու տեխնոլոգիական համաշխարհային կենտրոն, տեխնոլոգիական կարևորագույն տարածաշրջանային հաբ՝ ապագայում ունենալով նաև աշխարհին նոր, բարդ տեխնոլոգիական և ինովացիոն լուծումներ առաջարկելու հավակնություններ։
«Հայաստանն արդեն վաղուց կայացրել է իր որոշումը և արհեստական բանականության և նորարար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում գնում է իր ռեսուրսները կենտրոնացնելու ճանապարհով, որովհետև հաստատակամ է՝ այդ ընտրության մեջ ինքն է դառնալու սեփականատերը իր իսկ ստեղծած տեխնոլոգիաների՝ հանուն մեր միջավայրի, հանուն բոլոր մարդկանց բարեկեցության»,-ասել է Մխիթար Հայրապետյանը, հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Նախարարը բացման իր խոսքում ընդգծել է՝ Հայաստանը ձգտում է ապագայում ևս հանդես գալ բարդ տեխնոլոգիական և ինովացիոն լուծումներ առաջարկելու, առաջադրելու նկրտումներով:
«Արհեստական բանականությունն այսօր արդեն տալիս է լրջագույն խնդիրներ լուծելու հնարավորություն առողջապահության, կրթության, տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում»,-ասել է Մխիթար Հայրապետյանը՝ նշելով մեդալի հակառակ կողմում գտնվող վախերը բնական են:
Ամփոփելով իր խոսքը նախարարը ընդգծել է՝ Հայաստանն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգի շուրջ, առաջարկում է կառավարել իր իսկ մտքի ուժի միջոցով ստեղծված այս տեխնոլոգիան:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան։
Այնուհետև ելույթ են ունեցել NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեպարիտյանը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։
WCIT2024/DigiTec 2024-ի շրջանակում Հայաստան են ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից։ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024-ը, խոստանում է աննախադեպ հնարավորություն դառնալ հայկական ընկերությունների համար համագործակցություն հաստատելու, իրենց նորարարությունները համաշխարհային լսարանին ներկայացնելու համար։