Բացել լրահոսը Փակել լրահոսը
WhatsApp Image 2024-09-25 at 13.22.40
A A
Պաշտոնական

«Մեղրատոն». Երևանում կանցկացվի մեղվամթերքի ցուցահանդես-վաճառք

Ս. թ. սեպտեմբերի 28-29-ին Երևանի «Երազ» այգում  «քաղցր օրեր» են սպասվում. արդեն երկրորդ անգամ կանցկացվի մեղրի և մեղվամթերքի «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը: Միջոցառման նպատակն է նպաստել տեղական շուկայում հայկական մեղրի և մեղվամթերքի առաջխաղացմանն ու իրացման ծավալների աճին՝ ստեղծելով եզակի հարթակ արտադրողների և սպառողների միջև շփման, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև փոխգործակցության հաստատման համար:  Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ին:

 

Արդեն ավանդական դարձած «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Գյուղական տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի համաֆինանսավորմամբ:

 

«Մեղրատոն»-ի շրջանակում տեղի կունենան նաև մասնագիտական քննարկումներ մեղվաբուծության ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև վարպետաց դասեր մեղվամթերքի ստացման տեխնոլոգիաների և դրանց առաջխաղացման ուղիների վերաբերյալ: Միջոցառման ժամանցային ծրագիրը կներառի ազգային երգ ու պարի ինքնատիպ կատարումներ:

 

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում կներկայացվի նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության առաջատար գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը: Վերջինս կյանքի է կոչվում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի  և «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի համատեղ ջանքերով: Կենտրոնը պատրաստ կլինի շահագործման 2025 թ.-ի գարնանը: Այն տրամադրելու է մեղվաբուծական արտադրանքի որակի ապահովման և վերահսկման, մեղուների հիվանդությունների ախտորոշման և բուժման,  մեղվամայրերի և մեղվածրարների, ինչպես նաև մեղվամթերքի առք և վաճառքի, մեղվաբույծների վերապատրաստման և մի շարք այլ ծառայություններ: Կենտրոնն ունենալու է եվրոպական արտադրությամբ բարձրակարգ սարքավորումներով հագեցած մայրաբուծության մասնագիտացված լաբորատորիա, մեղուների հիվանդությունների ախտորոշման լաբորատորիա, մոմաթերթի, փեթակների, իսկ հեռանկարում` նաև մեղրի և մեղվամթերքի մթերման և վերամշակման արտադրամաս:

 

Այս տարի «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են մեղրի և մեղվամթերքի արտադրությամբ զբաղվող մոտ 40 ընկերություններ Հայաստանի տարբեր մարզերից: