Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

2026թ․ ընտրություններին ընդառաջ իշխանությունները չեն ցանկանում կորցնել բոնուսային հնարավորությունը. Բանավեճ (տեսանյութ)

«Ընտրողների քվեն խմբագրելով՝ չես կարող կայունություն բերել։ Եկեք, խայտառակ իրավիճակների չհասցնենք»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը` անդրադառնալով ՀՀ Սահմանադրության մեջ կայուն մեծամասնության դրույթը չեղարկելու մասին իր առաջարկությանը։

Սեպտեմբերի 19-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մերժեց 2026թ․ ընտրություններին ընդառաջ կայուն մեծամասնության դրույթի չեղարկման այդ առաջարկը։ Դեմ քվեարկող անդամները, որոնք հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են, կողմ են այդ դրույթի չեղարկմանը, բայց գտնում են, որ դա պետք է անել ընտրություններից հետո, երբ կներկայացվի նոր Սահմանադրության նախագիծը։

«Մենք ասում ենք` պետք չէ շտապել, հետագայում կանդրադառնանք այդ դրույթներին։ Հիմա տարածաշրջանում ու Հայաստանում այն իրավիճակն է, որ պետք է դանդաղ շտապել»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Բայց առավել կարևոր է, որ Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատ կրող մարմին, ունենա շատ բարձր լեգիտիմություն։ Եվ բոլորի համար պարզ լինի, որ ԱԺ-ում ուժերի այն համամասնություն է, որ համամասնությամբ ժողովուրդը կատարել է իր քվեարկությունը։ Բայց եթե ԱԺ-ում մեծամասնություն ստացավ մի ուժ, որն ընտրություններին 30 տոկոս ձայն է ստացել, դա նվազեցնելու է թե' խորհրդարանի, թե' գործադիր իշխանության լեգիտիմությունը։ Եվ դա ստեղծելու է փխրուն իրավիճակ, ինչը կլինի ուժեղ անկայունության աղբյուր, որից հաստատ կօգտվեն այն ուժերը, որոնք ուզում են խլել մեր անկախությունը»,- հակադարձեց Դանիել Իոաննիսյանը։

Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ հարց է բարձրացնում, թե մենք շարունակում ենք սնուցել միայն մեկի կամ մեկ խմբի կողմից անխոչընդոտ կամքի իրացման կոնցե՞պտը, թե՞ վերափոխում ենք մեր մտածելակերպն ու ձևավորված սովորությունները և փորձում ենք մի քանի խմբերի կողմից կարծիքների բախման արդյունքում սինթեզել որոշումներ։ «Ես կարծում եմ, մենք պետք է օր առաջ սկսենք զարգացնել երկխոսելու մեր կարողությունը, այդ թվում՝ բացարձակ հակադիր կարծիքն ունեցող անձի կամ խմբի հետ։ Ինչպես նաև՝ այդ պայմաններում որոշումներ կայացնելու կարողությունը։ Ինչքան ուշ զարգացնենք այդ կարողությունը, այդքան խոցելի ենք լինելու և ներքին, և արտաքին հարցերում»,- հավելեց Տիգրան Եգորյանը։

Կայուն մեծամասնության դրույթի չեղարկմանը կողմ էր Սահմանադրական բարեփոխումներ խորհրդում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը, բայց իշխանությունների նման նա նույնպես գտնում է, որ դա պետք է անել 2026թ․ ընտրություններից հետո։ Սեպտեմբերի 19-ի նիստում նա նույնպես դեմ էր քվեարկել մինչև ընտրությունները չեղարկելու մասին առաջարկին։ «Մենք գտնում ենք, որ ներկա աշխարհաքաղաքական անկայուն վիճակում ցանկացած հպումը Սահմանադրությանը կարող է ընկալվել որպես պարտադրված քայլ։ Մենք պետք է ավելի հանդարտ և կայուն ժամանակներում անդրադառնանք սահմանադրական փոփոխությանը և անենք ամբողջական փոփոխություն»,- հավելեց նա։

Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։