Երևան քաղաքում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր ծանոթ են եղել տուժողին։
Մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա Մ․ Ա․-ն 2024թ․ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր մտերիմ Ա․ Պ․-ի հետ վերջինիս կողմից շահագործվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցով գնացել են տուժող կնոջ՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և ավտոմեքենայում սպասել նրան։ Այն բանից հետո, երբ վերջինս տաքսիով շենքի բակ մտնելուց հետո դուրս է եկել ավտոմեքենայից, Մ․Ա․-ն, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ մազերից քաշելով, և քարշ տալով, տուժողին նստեցրել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան։ Ապա Մ․Ա․-ն վարորդ Ա․ Պ․-ին հրահանգել է վարել ավտոմեքենան նշված վայրից, ինչը վերջինս կատարել է։ Տուժողին բռնությամբ ավտոմեքենան նստեցնելուց հետո Մ․ Ա․-ն շարունակել է վերջինիս նկատմամբ ֆիզիկական ներգործության կիրառումը, մասնավորապես՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքի հատվածներին, նստել է ոտքերին, ձեռքերով սեղմել պարանոցը։ Որոշ տարածք անցնելուց հետո ավտոմեքենան կանգ է առել և տուժողը, բացելով և իրեն նետելով ավտոմեքենայից, փորձել է փախուստի դիմել։ Սակայն Մ․Ա․-ն ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, գետնին ընկած վիճակում քարշ տվել դեպի ավտոմեքնայի հետևի աջ հատվածը, փորձել կրկին մտցնել ավտոմեքենայի սրահ՝ ևս 2 անգամ ձեռքով հարվածելով նրա ծոծրակային հատվածին: Այդուհանդերձ, տուժողին հաջողվել է փախչել և պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում և զանգահարել է Ոստիկանություն։
Տուժողի ստացած մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են աղտոտվածության հետքեր, պատռվածքներ։ Վերցվել և զննության է ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Հարցաքննվել են անձինք։
Կատարված գործողությունների արդյունքում սեպտեմբերի 18-ին 35-ամյա Մ․Ա․-ն հայտնաբերվել է, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Մ․Ա․-ն անձնական թշնամանքի շարժառիթով, հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, 2024թ․ հունվարի 22-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, Ա․Հ․-ին պարբերաբար տվել է սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպսռնալիքներ: Այնուհետև՝ 2024թ․ հունվարի 25-ին, անձնական թշնամանքի շարժառիթով, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենան, որի արդյունքում այդ անձին՝ Ա․Հ․-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Մ․Ա․-ի նկատմամբ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։
Վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ․Ա․-ի հետ խմբի կազմում գործած, «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցը վարած Ա․ Պ․-ի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել էՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե