Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբայան
A A
Քաղաքականություն

Հայաստանի հրաժարումը Մեղրիի ճանապարհի ապաշրջափակման հարցի քննարկումներից խափանելու է տարածաշրջանային լոգիստիկ ինտեգրման հեռանկարը․ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հոդվածը․ 

Հայաստանի հրաժարումը Մեղրիի ճանապարհի ապաշրջափակման հարցի քննարկումներից խափանելու է տարածաշրջանային լոգիստիկ ինտեգրման հեռանկարն ու ամրապնդելու է մի կողմից ռուսական ներկայությունը տարածաշրջանում, մյուս կողմից՝ Իրանի ազդեցությունը Նախիջևանի, ըստ այդմ՝ Ադրբեջանի վրա։

Հայաստանը, հավատարիմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման պայմանավորվածությանը, ստեղծում է բոլոր նախադրյալները սովետական միության ժամանակներում Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների անվտանգ վերագործարկման և անխափան գործունեության համար՝ բացառելով որևէ նոր ենթակառուցվածքի կառուցումը։ Այս պարագայում Վրաստանը կշարունակի մնալ տարածաշրջանային գլխավոր տրանզիտ երկիր, որն ապահովում է Չինաստանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան ու Ադրբեջանը Թուրքիային կապող ցամաքային կապը։

Այս պարագայում Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը պետք է վերանայեն Հայաստանի նկատմամբ մոտեցումները՝ հասանելի դարձնելով իրենց տնտեսական միջավայրը, ինչպես նաև հնարավորություն ստեղծելով, որպեսզի Հայաստանն արտոնյալ պայմաններով Իրանի տարածքով տնտեսական հասանելիություն ունենա դեպի Իրանի սահմանակից երկրներ, ինչպես նաև այլ շուկաներ՝ Պարսից ծոցով։

Ինչ վերաբերում է ՀՀ – ՌԴ հարաբերություններին, ապա օրախնդիր անհրաժեշտություն է վերանայել երկկողմ հարաբերությունները, ոլորտային ճանապարհային քարտեզներն ու դրանցից բխող համաձայնագրերը, քանի դեռ հավաքական մարմիններում տարաձայնությունները շարունակվում են։ Մյուս կողմից՝ այս փուլում նպատակահարմար չէ ՀՀ-ի անդամակցությունը որևէ հավաքական կազմակերպության։ Իբրև նախադեպ դիտարկելի է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու և նույն միության անդամների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Հայաստանը բանակցային գործընթաց պետք է մեկնարկի Վրաստանի հետ՝ տնտեսական ճնշման պայմաններում նվազեցնելու Վրաստանի տարածքով ծովային և ցամաքային տրանզիտ վճարները, քանի որ Մեղրիի ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում Վրաստանը կարող է իսպառ զրկվել տրանզիտ եկամուտների զգալի մասից։ Մյուս կողմից՝ Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Վրաստանի հետ՝ վերագործարկելու նաև Աբխազիայի երկաթուղային ճանապարհը։ Սեփական սահմանների պահպանությունն ու պաշտպանությունը Հայստանն իրականացնում է ինքնուրույն։