Անհավանական փնջեր՝ արցախցի երիտասարդ ֆուդ-ֆլորիստից
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտցի Ասյա Բաբայանը վեց տարի առաջ համացանցով աշխարհում գոյություն ունեցող նորարարական գաղափարներն էր ուսումնասիրում ու չէր կարողանում կողմնորոշվել՝ ինչից սկսել, որպեսզի լինի տարբերվող և յուրահատուկ։
«Մանդարիններով փունջ տեսա ու գերվեցի։ Այսօրվա պես հիշում եմ՝ դեկտեմբերի 8-ն էր։ Այդ փունջը մոտս շատ տպավորվեց։ Առաջին փնջի վրա բավականին երկար եմ աշխատել՝ մոտ հինգ ժամ։ Արդյունքը գոհացրեց, ու որ ամենակարևորն է՝ ես ինձ գտա նորարար այդ արհեստի մեջ։ Ընկերներիս հորդորով ֆեյսբուքյան էջ բացեցի ու սկսեցի ցուցադրել իմ յուրահատուկ փնջերը։ «Букет со вкусом» անունն է կրում 27 ամյա Ասյայի ապրանքանիշը։
«Իմ կարգախոսն է՝ զգացմունքների մասին խոսել համեղ լեզվով։ Ուստի անվանումը արտահայտում է իմ նպատակը»։ Սկզբում քաղցրավենիքներից էր փնջեր պատրաստում, ապա նաև մրգերից։ Հետո սկսեց նաև գարեջրից ու այլ խմիչքներից՝ այդպիսով նաև կարծրատիպեր կոտրել։
«Հասարակության մեջ ընդունված է չէ՞, եթե փնջեր, ապա միայն կանանց համար, ինչն էլ հակասում էր ֆուդ-ֆլորիստիկայի կանոններին, որովհետև այն հնարավորություն էր տալիս նաև արական սեռի ներկայացուցիչներին փնջեր նվիրել»։ Արդեն 6 տարի է, ինչ Ասյան զբաղվում է սիրած արհեստով ու այս տարիների ընթացքում դեռևս կրկնվող փունջ չի պատրաստել։
«Իմ աշխատանքի կարևորագույն կետն այն է, որ ոչ մի պատվեր ու ոչ մի փունջ չպիտի կրկնվի, ինչպես որ մարդկանց ժպիտներն ու էմոցիաները չեն կրկնվում։ Ուստի անհատական մոտեցումն ինձ համար շատ կարևոր է»։
Ասjայի համար առաքելություն էր շրջափակման դժվարին օրերին հայրենակիցների տոն և նշանավոր օրերին յուրահատուկ փնջեր պատրաստելը։ «Ամենահետաքրքիր և խորիմաստ փնջերը պատրաստել եմ բլոկադայի ժամանակ։ Ամեն օր պատրաստածս փնջերից տեղադրում էի և լսարանիս հարցնում՝ երեխեք այսօր ինչով փունջ պիտի պատրաստե՞մ։ Հենց իմանում էի որևէ խանութ ինչ-որ ապրանք է ստացել՝ շտապում էի ձեռք բերել։ Պատրաստել եմ տալոններով փունջ, չեմ մոռանա հացերով փունջը, որի համար բավականին ժամանակ հերթում կանգնել եմ, որպեսզի կարողանամ հաց ձեռքբերել։ Մեծ ցավ էի ապրում այդ փունջը պատրաստելիս։ Այդ պահին մտածում էի՝ երնեկ այնքան շատ հաց լինի, որ նման փունջ պատրաստելու կարիք չլինի»։
Եկան ժամանակներ, որ ջուրն էլ սակավացավ, լույսը տալիս էին ժամերով։ Երիտասարդ ֆուդ-ֆլորիստն իր օրիգինել փնջերով փորձում էր իրավիճակի թելադրանքով մարդկանց պատճառվող անհարմարությունները փոխարինել պոզիտիվ տրամադրությամբ։ Պատրաստում էր փնջեր ջրով, լամպերով, մոմերով, բանջարեղենով։ Ամենատարբեր համադրություններ էր անում՝ ձեռքի տակ եղած իրերով։
«Բլոկադայի ժամանակ փնջերը միշտ մեծ հավանության էին արժանանում։ Մեծ ոգևորություն էր ինձ համար, երբ մեր հայրենակիցները գոտեպնդող ու ջերմ մեկնաբանություններ էին թողնում իմ էջում։ Ու ես պարտավորված էի զգում ցույց տալու, որ մենք տոկուն ու արցախցու պայքարող տեսակ ենք ու չենք կոտրվում»։
Շրջափակման ամիսների ամենահետաքրքիր փնջերից է հավկիթներով փունջը։ Օրիգինալ փնջեր ստանալու համար ոչինչ չէի խնայում՝ ասում է։ Նույնիսկ այն, որ մայրիկն այդ հավկիթները գնելու համար 4-5 ժամ հերթ էր կանգնել։ Վերջին փունջն Արցախում սեպտեմբերի 23-ին էր ցանկանում պատրաստել։
«Գաղափար ծագեց արցախյան հողից փունջ պատրաստել, սակայն ուժերս չէին հերիքում, չէի կարողանում ինձ տրամադրել այդ փունջը պատրաստելու համար։ Հողն ինձ հետ բերել եմ Երևան։ Այստեղ էքսպոյի էի հրավիրված, որին ներկայացա Արցախից բերած հողից, ցորենի հասկից, նռից ու վերջին օրերին արված լուսանկարներից պատրաստած փնջով»։ Ժեստերի լեզուն յուրացրած Ասյան այժմ տիրապետում է նաև գեղեցիկ ու նրբաճաշակ արվեստի։ Երևանում շարունակում է օրիգինալ, համեղ և օգտակար համադրություններով ֆուդ-ֆլորիստական իր գաղափարները կյանքի կոչել։
«Բառերով չկարողանամ երևի արտահայտել այն ամենն, ինչ զգում եմ հիմա։ Սրտիս վրա փազլ կա՝ «Մեծահոգի մարդիկ» անվանումով։ Ու ես երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ այդ փազլն օր-օրի մեծանում, ամբողջանում է»,- ասում է նա։
Անահիտ Պետրոսյան