Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարմրուկ
A A
Պաշտոնական

Կարմրուկի դեպքերը Եվրոպայում, այդ թվում` Հայաստանում, շարունակում են աճել

Եվրոպայում, այդ թվում՝ Հայաստանում, կարմրուկի դեպքերը շարունակում են աճել. ընդ որում` այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքերի թիվն արդեն հասել է 2023 թվականի ընթացքում գրանցված դեպքերի ընդհանուր թվին, հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

2023 թ.-ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 545 դեպք, որից 382-ը երեխաների շրջանում: 2024 թ.-ի օգոստոսի 5-ի դրությամբ` Հայաստանում արդեն իսկ գրանցվել է 543 հաստատված դեպք, որից 323-ը երեխաների շրջանում: 

Ըստ վերջին հասանելի տվյալների՝ 2024 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկից 45-ում պաշտոնապես գրանցվել է կարմրուկի 56,634 դեպք և 4 մահ։ Հայաստանում մահվան 1 դեպք է գրանցվել 2023 թվականին:

«Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել` ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված: Շնորհակալ եմ մեր միջազգային գործընկերներին, ի դեմս ՅՈՒՆԻՍԵՖ-ի. համատեղ անցկացվող իրազեկման արշավները նպաստում են բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը` ինչպես կարմրուկի բարդություններից խուսափելու, այնպես էլ կարմրուկի դեմ պատվաստումների նշանակության մասին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն կարմրուկով վարակվածության և մահացության նվազեցման վրա։ Հերթական անգամ հիշեցնեմ, որ կարմրուկը սովորական ցան չէ, այն խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողները պետք է լինեն ուշադիր, դիմեն հաշվառման պոլիկլինիկա և պատվաստեն իրենց երեխաներին: Պատվաստման ենթակա են նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք», - նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: 

«Կարմրուկի դեպքերի աճն իմունականխարգելման ծածկույթի խափանման հստակ ցուցիչ է: Քանի որ կարմրուկի դեպքերը շարունակում են աճել, մենք իրականացվելիք հրատապ գործողությունների կարիք ենք տեսնում` ինչպես առողջապահական համակարգերն ամրապնդելու, այնպես էլ հանրային առողջապահական արդյունավետ միջոցառումներ իրականացնելու համար՝ ապահովելու բոլոր երեխաների պաշտպանությունը այս վտանգավոր, բայց կանխարգելելի հիվանդությունից», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Հայաստանում մենք աջակցում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը մանկական պատվաստումների վերաբերյալ առողջապահության ոլորտի մասնագետների անհրաժեշտ կարողությունների զարգացման, ինչպես նաև սառցային շղթայի և տեխնիկական սարքավորումների հզորացման ուղղությամբ` թե՛ազգային մակարդակում, թե՛ ամբուլատորիաների: Աշխատում ենք նաև մարզային ծնողական կրթական կենտրոնների միջոցով՝ ներկա և ապագա ծնողներին պատվաստանյութերի վերաբերյալ ապացուցահեն տեղեկատվություն տրամադրելու  համար»: 

Կարմրուկն աշխարհի ամենավարակիչ հիվանդություններից  է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը շարունակում է վարակիչ լինել օդում կամ վարակված մակերեսի վրա մինչև 2 ժամ։ Վիրուսի նկատմամբ իմունիտետ չունեցող անձը կարող է վարակվել:

Ցանը հիվանդության ամենատեսանելի ախտանշանն է, սակայն բարդությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջությանը` ականջի բորբոքում, թոքաբորբ, փորլուծություն և դրա հետ կապված ջրազրկում, կուրություն, էնցեֆալիտ: 

Կարմրուկը ծանր ազդեցություն է թողնում երեխաների առողջության վրա, ընդ որում` վաղ տարիքի երեխաներն առավել խոցելի են կարմրուկի բարդությունների նկատմամբ։ Հոսպիտալացման բարձր ցուցանիշները և իմունային համակարգի երկարատև թուլացումը երեխաներին դարձնում են ավելի խոցելի այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ 2023 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կարմրուկով վարակվածների կեսից ավելին հոսպիտալացվել է, ինչը ցույց է տալիս, թե ինչ ծանր բեռ են կրում անհատները, ընտանիքներն ու առողջապահական համակարգերը: 

Կարմրուկի դեպքերն աճում են ամբողջ աշխարհում: 2023-ին կարմրուկի ավելի քան 300,000 դեպք է գրանցվել  աշխարհում, իսկ 2024-ին գրանցված թվերը ցույց են տալիս, որ տարվա ընդհանուր թիվը կհավասարվի կամ կգերազանցի 2023-ինը: Երկրների և մայրցամաքների միջև վիրուսի ներմուծումը պարբերական բնույթ ունի, և այս խիստ վարակիչ հիվանության բռնկումները տեղի կունենան այնտեղ, որտեղ դրա համար «պարարտ հող կգտնվի»՝ կլինեն մեկ դեղաչափով կամ ընդհանրապես չպատվաստված անձինք: 

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ՝ սեպտեմբերին մեկնարկող ուսումնական տարվան ընդառաջ` օգոստոսին հանրային իրազեկման կարճ արշավ իրականացնելու համար։ Արշավի նպատակն է՝ կոչ անել ծնողներին պատվաստել իրենց երեխաներին` համապատասխանաբար առաջին կամ երկրորդ չափաբաժիններով։ Արշավն ունի հանրային ներգրավման բաղադրիչ Դալմա մոլում և կեզրափակվի սոցիալական մեդիայի թվային արշավով: Վարակիչ հիվանդության մասին ավելին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Կարմրուկ, կարմրախտ և խոզուկ (ԿԿԽ) | UNICEF Հայաստան։ 
 
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծնողներին հորդորում են՝ պատվաստել  երեխաներին կարմրուկի դեմ՝ տանելով տեղամասային պոլիկլինիկա՝ ստանալու հասանելիք կենսական չափաբաժինը: