Բացել լրահոսը Փակել լրահոսը
98e8b27e-4845-41f1-8181-0ebc7ad25b26
A A
Հասարակություն

Արցախցի կանայք հավաքվել են «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում

Շուրջ տաս ամիս է, ինչ Երևանում գործում է ««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը բռնի տեղահանված կանանց և երեխաներին սոցիալական և հոգեբանական աջակցություն առաջարկելուց զատ նաև օգնություն, օժանդակություն է ցուցաբերում համայնքի ձեռներեց կանանց նոր միջավայրում ինտեգրվելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու գործում։

«2023 թվականի հոկտեմբերի 10-ին կազմակերպությունը Հայաստանում վերագրանցել ենք և ձեռնամուխ եղել «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում գործարար կանանց հավաքագրել։ Արցախցիներս մեզ վերագտնելու, վերածնվելու անհրաժշտություն ունեինք և ծրագրի անվանումը պատահական չենք ընտրել։ Հապաղելու ժամանակ չունեինք, ինչքան ժամանակը ձգվեր, այնքան դժվարանալու էինք նախաձեռնողականության մեջ։ Ծրագիրը ֆինանսավորել է «Եվրասիա համագործակցութուն» հիմնադրամի կողմից, որի շրջանակներում ասկերանցի 13 կին ստացավ բիզնես խորհրդատվություն ու սեփական բիզնես – գաղափարները կյանքի կոչելու համար ձեռք բերեց անհրաժեշտ գույք և սարքավորումներ։ Այժմ զբաղվում ենք տարբեր բիզնեսներով՝ ապահովելով ընտանիքների կարիքները»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը։

Հասարակական կազմակերպությունն Արցախի Ասկերան քաղաքում ևս բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում։ Ասկերանում գրասենյակ ունեին, որտեղ հանդիպումներ էին կազմակերպվում, հյուրեր ընդունում։ Ստեղծված էին բարենպաստ պայմաններ, որպեսզի շրջանի կանայք կարողանային իրականություն դարձնել իրենց մտահղացումները, և սիրած զբաղմունքը վերածել բիզնեսի։  

«Իսկ Ասկերանը դեռևս արցախյան առաջին ազատամարտի տարիներից է իրեն դրսևորել որպես անառիկ դարպաս և ամրոց։ Եվ պատահական չէ, որ կանայք այստեղ կոտրում են բոլոր կարծրատիպերը` ինչքան փխրուն են էությամբ, նույնքան ամուր են կամքով, անսասան` ոգով։ Ցավոք այդ ամենն անցյալում է։ Հիմա ունենք խնդիրներ և բոլորի մոտ դրանք գրեթե նույնն են»։

Տարածքի հարցն է այժմ ամենաարդիականը։ Սակայն, չեն հուսահատվում, շարունակում են միջոցներ ձեռնարկել, հայրենակիցներին օգտակար լինել։ «Խմբի կանանցից 4 հոգի ընտանիքներով ստիպված արտագաղթել են՝ անավարտ թողնելով ծրագիրը։ Բոլորի մոտ նույն խնդիրն է՝ բարձր բնակվարձեր և մշտական աշխատանքի բացակայություն։ Ծրագրի մեկնարկից մինչև օրս կազմակերպած միջոցառումներին, հանդիպումերին և դասընթացներին զուգընթաց մասնակցել ենք տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների հետ, փորձ և գիտելիք ձեռքբերել»,- ասում է տիկին Արզումանյանը։

Օրերս ծրագրի շահառու կանայք հնարավորություն ունեցան հանդիպելու Շվեյցարիայի «Արտաս» հիմնադրամի փոխտնօրեն տիկին Ռանայի հետ։ «Հանդիպումը բավականին հետաքրքիր ու բովանդակային էր։ Տեղի են ունեցել մտքերի փոխանակումներ, հյուրի համար ցուցադրվել է մեր կազմակերպության մասին պատմող տեսաֆիլմ։ Կանայք պատմել են մեր ծրագրի մասին՝ Արցախի ու Հայաստանի հնարավորությունների, առավելությունների ու տարբերությունների մասին։ Հրուշակագործությամբ ու ժենգյալով հացի արտադրությամբ զբաղվող Իդան ու Մարինեն իրանց արտադրանքն են բերել, պատմել իրենց պատմությունը՝ կորցնումից՝ վերագտնում։ Իսկ բազմավաստակ մանկավարժներ Միրա Հայրապետյանն ու Ռուզաննա Հայրապետյանը պատմեցին, ինչպես ժինգյալով հաց թխելուն զուգահեռ մեկը զբաղվում է գյուղատնտեսությամբ, մյուսը՝ կար անում ու գործում»։

Անահիտ Պետրոսյան