Բացել լրահոսը Փակել լրահոսը
7d2a0484-0af9-4968-a199-2ae19198bf17
A A
Հասարակություն

«Մի կտոր երջանկություն»՝ արցախցի հրուշակագործից

Վարկային գործակալ Ալվինա Գաբրիելյանը 23 տարի մասնագիտությամբ աշխատել է «Արեգակ ՈՒՎԿ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղում։ Տիկին Գաբրիելյանի ընտանիքը նաև սեփական բիզնեսներն ուներ Արցախում՝ հագուստի խանութ, հրուշակեղենի արտադրություն, սրճարան-խանութ։ Զբաղվում էին նաև հողագործությամբ։

«Հրուշակեղենի մասնագիտացված խանութ-սրճարան ունենալու գաղափարը մի գիշերվա մեջ է ծագել։ Հետպատերազմական ծանր ժամանակաշրջանում, երբ կյանքը կարծես թե կանգ էր առել՝ ծնվեց գաղափարը։ Իմ նպատակն էր մարդկանց մի փոքր ջերմություն ու երջանկություն պարգևել։ 2022-ի սեպտեմբերի 18-ի ծագած գաղափարն իրականություն դարձավ ուղիղ մեկ ամիս անց»,- Ա 1+-ի հետ զրույցում ասում է Ալվինա Գաբրիելյանը։

«Кусочек счастья»՝ անունն էր կրում խանութ – սրճարանը։ Չնայած ամիսներ անց վրա հասած շրջափակմանը՝ սրճարանը դեռևս երկար շարունակեց աշխատանքը։ Լիակատար շրջափական և պատերազմական ծանր օրերին այն վերածվեց հացի արտադրամասի։

«Ընտակեկան բիզնես էր, որտեղ ներգրավված էին ընտանիքիս բոլոր անդամներն, ու ամենքն իր անելիքն գիտեր և ուներ։ Բացի դրանից՝ 6 աշխատող ունեի։ 2023-ի սեպտեմեբերի 27-ին մեր ողջ տարիների ստեղծածն ու ունեցվածքը թողել ենք Ստեփանակերտում ու 7 հոգով մի մեքենայի մեջ տեղավորվելով՝ ստիպված եղել լքել մեր ծննդավայրը»,- պատմում է զրուցակիցս։

Հայաստանում հաստատվելուց հետո Ալվինա Գաբրիելյանը Երևանում հրուշակեղենի վերապատրաստման դասընթացների է մասնակցել, ապա նաև շոկոլադ պատրաստել սովորել։

«Այժմ տանը զբաղվում եմ տարատեսակ շոկոլադներ պատրաստելով։ Ունեմ իմ բրենդը՝ «Մի կտոր երջանկություն»։ «Kusochek_ schastya_is_ artsakha» ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերով պատվերներ ենք ընդունում, ցուցադրումներ կազմակերպում»։ Ստեփանակերտի իր արտադրամասից ընդամենը 3 յուրատեսակ ծաղկաման ու մի փոքր գորգ է բերել, որը կախված է եղել սրճարանի պատից։ Նպատակ ունի՝ գորգը նորից պիտի զարդարի նոր սրճարանի պատը։ Հայաստանում աշխատելու, կյանքը նորովի կառուցելու նպատակ ունեն։

Այս պահին աշխատում են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու ուղղությամբ։

«Ամեն քայլափոխի խնդիրների ենք հանդիպում, բայց չենք կոտրվում։ Երազում եմ՝ «Մի կտոր երջանկություն»-ն այցելի յուրաքանչյուրի հարկի տակ»։

Վերջերս տիկին Գաբրիելյանի սկեսուրն է մահացել, ասում է՝ տան մեծերի համար հայրենիքից պարտադրված հեռանալը չափազանց ծանր է անդրադարձել և՛ հոգեկան և՛ մարմնական առողջության վրա։ 6 հոգանոց ընտանիքն այժմ վարձակալությամբ է Երևանում բնակվում։

««Մի կտոր երջանկության» համար տարածք եմ փնտրում, առայժմ գտնել չի հաջողվել։ Շատ կան տարածքներ, ուղղակի վարձավճարը բարձր է, գուցե կկարողանանք ավելի մատչելի գնով որևէ բան գտնել»,- մտահոգություն է հայտնում տիկին Գաբրիելյանը։

Անահիտ Պետրոսյան