Բացել լրահոսը Փակել լրահոսը
481326659_956738849981319_7676748356153000673_n
A A
Պաշտոնական

Տրանսճարպերի ազդեցությունն առողջության վրա

Առողջապահության նախարարությունից հայտնում են․
 
Տրանսճարպերը՝ չհագեցած ճարպաթթուների տեսակ են, որոնք լինում են բնական և արհեստական (արդյունաբերական) և լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ։ Առողջության վրա տրանսճարպերի վնասակար ազդեցության առաջին ապացույցները հայտնաբերվել են դեռևս 1950-ականներին։ Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի Մարդու սնուցման և առողջության բաժնի գիտնականների կողմից իրականացված համաճարակաբանական և կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ սննդամթերքում արդյունաբերական տրանսճարպերի առկայությունը նպաստում է սրտանոթային, տարբեր քրոնիկ հիվանդությունների և օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացմանը։ Բացի այդ, արդյունաբերական տրանսճարպաթթուները մեծ ազդեցություն ունեն լիպիդային նյութափոխանակության վրա, նպաստում են ճարպի կուտակմանը լյարդում:
 
❓ Ինչպե՞ս են տրանսճարպերն ազդում առողջության վրա
Բարձրացնում են «վատ» խոլեսթերինի մակարդակը և նվազեցնում «լավ» խոլեսթերինը, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Տրանսճարպերը խցանում են անոթները` առաջացնելով աթերոսկլերոզ։ Առաջացնում են նյութափոխանակության խանգարում` նպաստելով ճարպի կուտակմանը լյարդում, ինչը կարող է բերել ոչ ալկոհոլային «ճարպոտ լյարդ» հիվանդության զարգացմանը:
 
 Ինչպե՞ս սահմանափակել տրանսճարպերի ազդեցությունը
🔸 Խուսափե՛ք արագ պատրաստվող սննդից (ֆաստ ֆուդ) և վերամշակված մթերքներից:
🔸 Ընտրե՛ք բնական ճարպեր (օր.՝ ձիթայուղ, ընդեղեն, ձկնեղեն և չհագեցած օմեգա-3, ճարպաթթուներ պարունակող այլ մթերքներ):
🔸 Միշտ կարդացե՛ք սննդամթերքի բաղադրությունը և խուսափե՛ք օգտագործել տրանսճարպեր պարունակող սննդամթերք:
❗ Եզրակացություն
Տրանսճարպերը վտանգավոր են առողջության համար: Առաջացնելով նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, անոթների վնասում, աթերոսկլերոզ, նպաստում են, հատկապես, սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկի բարձրացմանը: Չնայած այդ հանգամանքին, տրանսճարպաթթուներն ամբողջությամբ չեն կարող հեռացվել մարդու սննդից, քանի որ դրանք բնական ձևով առկա են խոշոր եղջերավոր կենդանիների մսի և կաթնային արտադրանքներում: Սակայն, եթե փորձենք նվազագույնի հասցնել պատրաստի և արագ պատրաստվող սննդի օգտագործումը, իսկ սննդակարգում ներառենք բնական և առողջ մթերքներ (միրգ, բանջարեղեն, ընդեղեն, ձիթայուղ), կկարողանանք նվազագույնի հասցնել տրանսճարպերի բացասական ազդեցությունը մեր օրգանիզմի վրա։