Եթե դրա 1 տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ չէր լինի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էլ կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ։ Իր խոսքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում առկա խնդիրներին՝ շեշտելով, որ Շիրակը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, այլև 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզում աղքատության ցուցանիշը աճել է, իսկ մարզում բնակվող ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Ամեն ընտանիքի վրա այս իշխանությունը 10-ը հազար դոլարի վարկային բեռ է դրել։ Եթե դրա մի տոկոսը ծախսվեր Գյումրիի համար, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի», - նշել է Նարեկ Կարապետյանը։
Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող ծրագրերը։ Մասնավորապես, խոսելով ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագրի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Ստեղծվում է ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ, որի մասին երեք օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացած մասն էլ՝ աշխարհի ուժեղ հայերը։
Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, որոնց նշանակալի մասը Գյումրիում է, 5-hոգանոց ընտանիքը սկսելու է ստանալ ամսական 150 հազար դրամ, որպեսզի աշխատանքի հետ զուգահեռ կարողանա ինչ-որ կերպ երեխաներին կրթության տալ, առողջապահական հարցերը լուծել։ Սա առաջին մեծ փոփոխությունն է, որը ուզում ենք անել։ 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ չպետք է լինի», - նշել է Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով Գյումրի քաղաքի զարգացման տեսլականին և ուղղություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ Գյումրին կարող է դառնալ տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը, ինչպես նաև խոսել է գյումրեցիների՝ սպորտում ունեցած հաջողությունների մասին։ Հանդիպումից հետո կուսակցության անդամները քայլերթ են կատարել հայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և շփվել գյումրեցիների հետ։