Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 24-ը հուլիսի․ Ձեռքից գնալու հերթը Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտինն է (տեսանյութ)

Պատմությանը հայտնի առաջին գարեջրագործները՝ հայերը, Երեւանի քաղաքապետարանի օգնությամբ 1998-ի հուլիսի 24-ին սովորում են խմել գարեջուր Եվ այդ ամենը շոուով։ Նախատեսված էր անվճար գարեջուր։ Սակայն բոլորը չէ, որ օգտվեցին դրանից։ 1998-ի այս օրը լրատվամիջոցների հանդիպող Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը մեր քաղաքացիներին կոչ է անում վստահել ոստիկանությանը եւ կատարված հանցագործությունների համար առանց մտավախության դիմել իրենց Այդ օրերին դատախազություն է հրավիրվել Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը եւ լրագրողները գործող նախարարից ուզում են իմանալ՝ ինչու՞. «Հրավիրվել է Վանո Սիրադեղյանը հարցաքննության կապված Վահան Հարությունյանի տված ցուցմունքների հետ»։

Ռազմագերիները Հայաստանի իշխանություններից պահանջում են նույն արտոնությունները, ինչ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներինն է։ Հայաստանում 1998-ի հուլիսի 24-ի դրությամբ կա մոտ հազար ռազմագերի։ Վետերանների կոմիտեն փաստագրական տվյալներ է հավաքում, որ նրանց իրավունքներ տրվեն Ազգային Ժողովի ընդունելիք օրենքի մակարդակով։

1999-ի հուլիսի 24-ից 45 օր հետո պետք է անցկացվի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումը։ Մարզադաշտը վերանորոգման մեջ է։ Նախատեսված 5 միլիոն դոլարն արդեն ծախսվել է, բայց գումար դեռ պետք է։ Ոմանք արդեն գրազ են գալիս, որ մարզադաշտը չի հասցնի խաղին։ Քաղաքապետ եւ ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանն առաջարկում է գրազի գումարներով օգնել ավարտելու շինարարությունը «Անկեղծ ասած, եթե մինչեւ հիմա ես գումարներ հայթայթելու հարցում կամ ձեռքբերելու հարցում դժվարություններ չեմ կրել, արդեն էլ ուժս չի պատում»։

Նույն օրն Ազգային Ժողովում արտահերթ նիստ է։ 104 պատգամավոր քննարկում է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը։ Նախարար Կարեն Գալուստյանն ասում է ցանցերի մաշվածությունը 57 տոկոս է, գումար է պետք, որ խելքի բերվի։ Ցանցերի արժեքը 200 միլիոն դոլար է, սակայն նախարարը խելքին մոտ չի համարում, որ որեւէ մեկն այդքան գումար կտա ցանցերին «Այս ամենը ըստ էության բլեֆ է, իսկ վաճառվելու է ամերիկյան կազմակերպությանը։ Այդ կազմակերպությունը ամերիկյան պետական քաղաքականությունն էիրագործում եւ իր առջեւ դրված է խնդիր՝ միջին Ասիայի եւ Անդրկովկասի նավթաէներգետիկ պաշարների յուրացում։ Նույնիսկ օրենքում կետ առ կետ գրված է՝ կարեւորագույն օրենքների ծախսերը բյուջեն վերցնում է իր վրա՝ ո՞ր բյուջեն, այն որ աշխատավա՞րձ չի տալիս, թոշա՞կ չի տալիս»։

2001-ին ձեռքից գնալու հերթը Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտինն է։ 160 աշխատող ընդհանրապես ֆինանսավորում չի ստանում։ Ժամանակին ինստիտուտի աշխատանքները ֆինանսավորում էր Ռուսաստանը։ Մինչդեռ այսօր ինստիտուտում անջատված է նույնիսկ գիտափորձերից անբաժան ջուրը։ Ենթադրվում է, որ առաջիկայում ինստիտուտի շենքը կսեփականաշնորհվի. «Ես կարծում եմ, որ դա ոչ միայն հանցագործություն է, այլեւ անպատասխանատու է, որի իրավունքը չինովնիկը չունի։ Ո՞վ է նրան իրավունք տվել չինովնիկին, որը գիտության այս ուղղության սեփականատեր չէ, տնօրինել այս ճյուղը»։

«Հայաստանը դարձել է մի գյուղ՝ իր քյոխվայով, ու էդ քյոխվան ինչ ուզում՝ անում է»,- 2002-ի այս օրն ասում է Մամուլի ազգային ակումբի հյուր ԱԺՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանը: «Ռոբերտ Քոչարյանին հակացուցված է ղեկավարել երկիր, նա ինքնասիրահարված մարդ է եւ բացի անգլերեն սովորելուց, բասկետբոլ խաղալուց ու իրենով հիանալուց ոչինչ չի կարողանում անել»,-վստահեցնում է պարոն Մանուկյանը:

2009-ի այս օրը Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը ապացուցված է համարում, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները եւ հատուկ միջոցների կիրառմամբ բռնություն գործադրել քաղաքացիների հանդեպ։ Տեսանյութում պատկերված ոստիկաններին դատախազությունը չի ճանաչում. «Ովքեր ճանաչում են նախ կադրերում պատկերված անձանց, տուժել են ոստիկանության գործողությունների հետեւանքով եւ տեղեկություններ ունեն, դիմեն Հատուկ Քննչական ծառայություն»։

2012-ի հուլիսի 24-ին Հայաստանում է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Վերջինիս Ազգային Ժողովի մուտքի մոտ ասում է, որ արդեն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ ճշտել նրա վերաբերմունքը Եվրասիական տնտեսական ծրագրի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը հավանել է այն. «Ռուսաստանը. Ղազախստանը եւ Բելոռուսը արդեն գործողության մեջ են դրել այդ նախագիծը, Մաքսային Միությունը, միասնական տնտեսական տարածքը. Այս ամենն արդեն տալիս է իր պտուղները»։

Նույն օրը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում է, որտեղ Շտեֆան Ֆյուլեի եւ Քեթրին Էշտոնի ներկայությամբ ասում է, որ ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել, 29 բանակցային գ։ուխներից 28-ն արդեն համաձայնեցված են։