A
A
Երևանում մեկնարկել է «RestoFest» փառատոնը
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջին անգամ Երևանում մեկնարկել է ամենամասշտաբային` «RestoFest» «Ռեստորանային օրեր» փառատոնը։
Ինչպես նշել է փառատոնի կազմակերպիչներից Տաթև Ավետիսյանը, փառատոնը հավակնում է ավանդական դառնալ, ինչն էլ հանդիսանում է կազմակերպիչների հիմնական նպատակը։
Նախաձեռնությունը երկրում տուրիզմը զարգացնելու լավ նախագիծ է ու հիմնական ակցենտը դրված է տուրիստների վրա, որպեսզի կարողանան ծանոթանալ հայկական արտադրանքին, արվեստի գործերին, ձեռքի աշխատանքներին, հայկական խոհանոցային մշակույթին՝ ասում է զրուցակիցս։
«Բավականին լայնամասշտաբ միջոցառում է լինելու։ Երեք օր շարունակ մեր հայրենակիցներն ու Հայաստանում գտնվող հյուրերը կարողանալու են ծանոթանալ և համտեսել Հայաստանի 80 լավագույն ռեստորանների ճաշատեսակները, բացահայտելու հայ խոհարարների խելահեղ մտահղացումները, համտեսելու յուրաքանչյուր մասնակցի ֆիրմային ուտեստը։
Հուլիսի 21-ին լինելու է ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ հայտարարվելու է «RestoFest»-ի գլխավոր մրցանակակրի անունը՝ հայկական լավագույն ուտեստն անվանակարգում»,- ասում է կազմակերպության ներկայացուցիչը։
Ինչպես նշում է զրուցակիցս մասնակիցների մեծ հոսք է սպասվում։ Ուստի նպատակահարմար են գտել ռեստորանային օրերին զուգահեռ անցկացնել նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ ավելի մատչելի արժեքներով։
Այն միևնույն ժամանակ հնարավորություն կտա զարգացնել մանր և միջին բիզնեսը, ճանաչելիություն ձեռքբերել։
«Թումանյան փողոցում է տեղակայված 100 ընկերության տաղավար, ովքեր ներկայացնում են ձեռքի աշխատանքներ՝ ստեղծված բացառապես Հայաստանում։
Եվ զարմանալի չէ, որ «Hand made Yerevan» -ի մասնակիցներն ավելի շատ են։ Ձեռքի աշխատանքների փառատոնում ունենք նաև արցախյան հրուշակեղենը, անարատ բնական մեղրը, արցախյան փախլավան ու ժենգյալով հացը ներկայացնող արցախցի մասնակիցներ։
Բոլոր մասնակիցների համար ընկերությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ տրամադրել է անհրաժեշտ սարքավորումներով հագեցած տաղավարներ։
«Սա մեր նախագծերից մեծագույնն է, որի արդյունքում ակնկալում ենք զարգացանել ռեստորանային բիզնեսն ու ռեստորանային մշակույթը Հայաստանում։ Նպատակը երկրում տիրող դժվարություններն ու կորուստները հաղթահարելով՝ անցնել ավելի պատվաբեր աշխատանքի՝ ներկայանալով որպես արարող, ստեղծագործող ազգ»,- ասում է Տաթև Ավետիսյանը։
«Hand made Yerevan» -ի արցախցի մասնակիցների շարքում է 34- ամյա մանկավարժական ուղի անցած Լորա Պողոսյանը։ Տիկին Լորան դեռևս 1995 թվականից է զբաղվում հրուշակագործությամբ։
«Եթե Արցախում այն իմ հիմնական աշխատանքին զուգահեռ ավելի շատ սիրողական բնույթ էր կրում, հիմա հրուշակագործությունն իմ ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրն է։ Աշխատանքում ներգրավված է ամբողջ ընտանիքը»,- ասում է տիկին Պողոսյանը։ «Հաթերք ֆուդ» ընկերությունը փառատոնին ներկայացել է երկու տասնյակի սահմանը հատող մեղրարտադրանքով։ Տաղավարի մի հատվածում էլ պատրաստվում է Արցախյան այցեքարտ համարվող ժենգյալով հացը։ Ընկերության ներկայացուցիչ Մարիամ Միրզախանյանը հպարտությամբ է նշում ընկերության վերջին երկու տարիների ակնառու հաջողությունների մասին՝ արժանացել է 16 միջազգային մրցանակի։
Թեև փառատոնի առաջին ժամերն էին ընթանում՝ արցախցի մասնակիցները գոհ էին ընթացքից, բավականին հաճախորդներ ունեն։
Անահիտ Պետրոսյան