Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 13-ը հուլիսի․ ՀՀ իշխանությունները Ղարաբաղի քաղաքական դաշտից ուզում են հեռացնել Սամվել Բաբայանին (տեսանյութ)

1998-ի հուլիսի 12-ին մահանում է հայ անվանի բանաստեղծ, պետական մրցանակների դափնեկիր Գեւորգ Էմինը։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանն այցելում է Ծաղկաձորի օլիմպիական բազա ։Քոչարյանն այստեղ հավաքված մարզիկներին վստահեցնում է, որ սպորտն այսուհետեւ պետական հոգածության ոլորտ է, եւ ինքը նրանց թիկունք է ապահովելու։ Տեղում բասկետբոլի սիրահարն արժանացավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի գոտուն եւ մի հեծանվի։ Սակայն տարերքը մնում է տարերք՝ Քոչարյանը բասկետբոլ, այնուամենայնիվ, խաղաց։ Փայլեց սակայն արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը միանձնյա 17 միավոր բերեց Քոչարյանի թիմին։

1999-ի հուլիսի 13-ի դրությամբ Հայէներգոն 4 տարի առաջ գործարկված ատոմակայանին պարտք է 38 միլիարդ դրամ։ Տնօրենն իր շուրթերով է ասում՝ թիվ մեկ անվտանգության օբյեկտի աշխատակիցները մայիս ամսվա աշխատավարձը չեն ստացել։ Իր հերթին, օգոստոսին ատոմակայանը պետք է պլանային վերանորոգման անցնի, որի համար պետք է ձեռք բերվեն սարքավորումներ։ Սակայն փող չկա, անջատել են նույնիսկ հեռախոսակապը։ Ինչպե՞ս են մարդիկ աշխատում այս անփող հիմնարկում։

Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» օրաթերթին կփոխարինի «Հայկական ժամանակը»։ Նոր թերթ բացելու համար խմբագիրը հին անուն է վերցրել, սակայն չի կարծում, թե դա կփչացնի իշխանության զգոնությունը, այն կփորձի սա էլ փակել։ Մինչդեռ սրանով կարող է մարել նախորդ թերթի ունեցած պարտքերը տպարանին:

Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի քաղաքական դաշտից ուզում են հեռացնել Սամվել Բաբայանին։ Այդ առիթով նույնիսկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մեկնել Ղարաբաղ։ Ղարաբաղի նոր վարչապետ Անուշավան Դանիելյանը հենց սկզբից չհավանեց Արցախի պաշտպանության նախարարին։

Մալաթիայի առաջին ատյանի դատարանում մեծ աղմուկով ընթանում է քրեական 7 դրվագով դատվող Աշոտ Բլեյանի դատավարությունը։ 2000 թվականի հուլիսի 13-ին մեղադրյալը դառնում է դարձավ «Գրիգոր Խաչատրյան» մրցանակի դափնեկիր։ 2001 թվականի այս օրը բանտից ազատ է արձակվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։Նրան չեն արդարացրել, այլ փոխել են խափանման միջոցը

2000 թվականի հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանն ունի մեկ միջազգային երթուղի՝ Երեւան-Թբիլիսի, Թբիլիսի Երեւան, որին կցվում էին Բաթումի տանող վագոնները։ Մի քանի օր առաջ վրացիները չեղյալ են համարել Բաթումի գնացող ուղին, ինչը դժվարացնելու է Սեւ ծովում Հայաստանի համար նախատեսված բեռների փոխադրումը։ Մերոնք բանակցությունների մեջ են։

2001 թվականի այս օրը Հրանտ Մաթեւոսյանը հայ ընթերցողին է իր ճաշակով կազմած եւ ձեւավորած Հովհաննես Թումանյանի հատընտիրը։ Կաշեպատ գրքերի վրա Թումանյանի արծաթե եւ ոսկե պատկերն է։ Հրանտ Մաթեւոսյանը մտավախություն չունի, որ այս թանկ հրատարակությունը մատչելի կլինի քչերին։ Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին դա չէր վերաբերում

2001-ի հուլիսի 13-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած, դատապարտված եւ ներում ստացած ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը Գրողների Միությունում ներկայացնում է բանտում արված իր կտավները։ Ֆրանսիական բանտերում նա փորձել է ինքնաարտահայտվել այսպես։ Բանտից ազատվելուց հետո Հայաստան եկած այս մարդը վեհ նպատակներ ունի՝ ամենեւին ոչ քաղաքական։

2007-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը գերմանական «Շպիգել օնլայն» հանդեսի տեղեկացնում է, թե ում է պաշտպանելու հաջորդ տարվա նախագահի ընտրություններում։ «Ես աջակցում եմ Սերժ Սարգսյանին: Երկար ժամանակ աշխատել եմ նրա հետ: Եվ այն հանգամանքը, որ բանակն այսօր ամենամեծ վստահություն վայելող պետական կառույցն է, նախեւառաջ նրա ձեռքբերումն է», - ասում է Հայաստանի նախագահը:

2010-ի այս օրերին Ստեփանավանի թիվ մեկ թեման 16-ամյա Գեւորգ Վարդանյանի ինքնասպանությունն է ։Գեւորգն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ թղթախաղում պարտվել է երեք հազար դրամ, որը ճարելու ոչ մի տարբերակ չուներ։ Ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվողը 17-ամյա պատանի է։ «Համերկրացիներ» ռուսական ծրագրի դռները բաց են, ցանկացած հայաստանցի կարող է մեկնել Ռուսաստան մշտական ապրելու եւ աշխատելու։ Մեկնելու մտքից ոգեւորվածները նկարահանվելու ցանկություն չունեն։ Կինը, սակայն, խոսում է, նա վստահ է, որ Ռուսաստանում իր հետ չեն վարվի այնպես, ինչպես վարվում են Հայաստանում։