A
A
Գիտակցեցի՝ մեր առջև բացված ճանապարհը ամենադաժանն է լինելու․ պատերազմում ամուսնուն կորցրած Դիանան հույս ունի իր մասնագիտությամբ հարմար աշխատանք գտնել
Աջակցիր «Ա1+»-ին«Երբ արդեն Հայաստանում էինք, գիտակցեցի, որ մեր առջև բացված ճանապարհը մեր կյանքի ամենադժվարն ու ամենադաժանն է լինելու։ Դրա համար տուն վարձելուց ու երեխաներին դպրոցում տեղավորելուց հետո որոշեցի մատնահարդարման կուրսերի գնալ, որպեսզի կարողանամ տանը երեխաների խնամքը համատեղել այդ աշխատանքի հետ»,- ասում է արցախյան վերջին պատերազմում եղբորն ու ամուսնուն կորցրած Դիանան․․․
Ընդամենը 8 տարի տևեց Արտակ և Դիանա Գասպարյան ամուսինների ընտանեկան երջանկությունը։
Դիանան Արցախի պետական համալսարանի «Կառավարման տեղեկատվական համակարգեր բաժնի շրջանավարտ է, մասնագիտությամբ օպերատոր։ 2015-ին ամուսնացել է համագյուղացի Արտակ Գասպարյանի հետ։ Ապրում էին ամուսնու ծնողների տանը՝ Սարուշենում։
«2016-ին ծնվեց մեր առաջնեկը` Կարենը, իսկ 2017-ին՝ Եվան։ Ամուսինս աշխատում էր Սարուշենի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Որոշ ժամանակ աշխատել եմ համայնքապետարանում՝ որպես հաշվապահ, այնուհետև Ստեփանակերտի քաղաքային հարկային տեսչությունում` օպերատոր։ Ապրում էինք նորմալ պայմաններում, կասեի՝ դրախտում, սակայն լիարժեք չէինք գնահատում դա»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Դիանան։
«Մեր անհոգ ու երջանիկ կյանքը տևեց մինչև չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը։ Այդ օրն առավոտից երեխաները դպրոց էին գնացել, ժամը 11-ի կողմերն ամուսինս դպրոցից եկավ և ասաց, որ «համար 1» է։ Շորերը փոխեց, և գյուղի տղամարդկանց հետ գնացին դիրքեր։ Եղբայրս էլ այդ օրը մայրաքաղաքում էր։ Լսելով, որ տագնապ է՝ կես ճանապարհը ոտքով, կեսը մեքենայով եկավ և միացավ մարտական ընկերներին»։
Դիանայի եղբայրն ու ամուսինը միասին էին 44-օրյա պատերազմ օրերին, իսկ պատերազմից հետո սահմանագծում՝ մշտապես լարված վիճակում գտնվող գյուղի ինքնապաշտպանական խմբի կազմում հերթապահություն էին անցկացնում։
«Գյուղը ադրբեջանական դիրքերին շատ մոտ էր, միշտ լարված վիճակ էր՝ կրակոցների ձայներ, թշնամուց ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էինք գտնվում, սակայն երբևէ գյուղից հեռանալու մասին չէինք մտածում։ Այն դեպքում, երբ Ստեփանակերտում հիփոթեքով բնակարան էինք ձեռքբերել»,- ասում է զրուցակիցս։
«2022 թվականի Փառուխի և Քարագլխի դեպքերից հետո գյուղում աշխարհազոր ձևավորվեց, որտեղ ընդգրկվեցին նաև ամուսինս ու եղբայրս։ Դպրոցում պատմության առարկան դասավանդելուն ամուսինս համատեղեց նաև հայրենի գյուղի պաշտպանության գործը։ Շատ երազանքներ ունեինք, ինչպես բոլոր զույգերը։ Եվ դրանց մեծ մասը մեր երեխաների գալիքի հետ էր կապված։ Երազում էինք ունենալ մեր սեփական տանիքը, երեխաներին հասցնենք իրենց նպատակներին»։
Դիանայի ու Արտակի դուստրը երազում է բժշկուհի կամ մոդել դառնալու մասին, որդին ուսուցիչ է ուզում դառնալ։
«Ես ամեն կերպ նեցուկ կլինեմ նրանց երազանքի ճանապարհին։ Ափսոսանքս այն է՝ որ ամուսինս չհասցրեց տեսնել ինչպես են հասակ առնում իր երեխաները, ուրախանալ նրանց հաջողություններով»,- ասում է Դիանան։
Նա նշում է՝ երեխաները բավականին դյուրագրգիռ են դարձել, կորցրել են հետաքրքրությունները, քիչ են խաղում։ Դիանան ու ընտանիքի անդամները անընդհատ ուշադրության կենտրոնում են պահում նրանց, աշխատում զրույցներով ցրել հոգեբանական ճնշվածությունը, հայրիկի ու քեռու մասին անընդհատ հիշողություններ պատմում։
«Աղջիկս Արցախում արտադասարանական խմբակների էր գնում։ Այստեղ հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ երբ վերադառնա Սարուշեն՝ կրկին կհաճախի»։
Դիանան երեխաների, ծնողների, տատիկի ու պապիկի հետ է ապրում Երևանում։
«Քաղաքի մերձակայքում առանձնատուն ենք վարձակալել, որպեսզի մեծահասակները գոնե զբաղմունք ունենան, քանի որ սովոր են այգի, բանջարանոց մշակելուն։ Հայրս ժամանակ առ ժամանակ շինաշխատանքների է մասնակցում՝ մասնավորի մոտ, մայրս նույնպես աշխատում է։ Եղբորս Արցախում ենք հուղարկավորել, ամուսնուս աճյունն օրեր անց ենք կարողացել գտնել բռնագաղթից հետո։ Արտակին Եռաբլուրում ենք հուղարկավորել»,- ասում է զրուցակիցս։
Դիանան փորձում է իր մեջ ուժ գտնել՝ ոտքի կանգնելու և երեխաների կողքին լինելու համար։ Բացի մատնահարդարման դասընթացների մասնակցելը նաեւ աշակերտներ ունի՝ դասապատրաստում է իրականացնում։
«Հուսով եմ՝ ժամանակի հետ կկարողանամ իմ մասնագիտությամբ որևէ հարմար աշխատանք գտնել»,- ասում է նա։
Անահիտ Պետրոսյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։