«Երկինքը փուլ եկավ արտահայտությունը իմ մաշկի վրա զգացի»
Աջակցիր «Ա1+»-ին«Չգիտեմ, թե կրտսեր զավակներիս հարցին՝ ե՞րբ է գալու հայրիկը, ինչ պատասխանեմ։ Գրիգորին առաջին անգամ չի կատարում իր խոստումը․ շատ է ուշանում»․
Մերի Սահակյանը ամուսնու մասին անցյալով խոսել չի համարձակվում․ մտքերով ամեն պահի նրա հետ է։ Հիշողությունները նրան տեղափոխում են Արցախ։
Պահեստազորի սպա Գրիգորի Սահակյանի ուսապարկը միշտ պատրաստ էր՝ սենյակի մի անկյունում դրված։
«Ամուսինս 24 տարի ՊԲ-ում ծառայելուց հետո անցել էր թոշակի։ Զինվորականի հետ ամուսնանալիս գիտեի, որ դժվար է լինելու, սակայն Գագոն (նրան տանեցիներն այդպես էին անվանում- խմբ․) այնպես էր անում, որ ես տան հոգսերի ծանրությունը չզգայի»։
5 երեխա ունեցող Սահակյան ամուսինները 2020 թվականը նոր հարկի տակ էին դիմավորել․ որպես բազմազավակ ընտանիք տուն էին ստացել։
«Շուշիում շուրջ 12 տարի վարձակալությամբ ապրելուց հետո մեր սեփական տանիքն ունեցանք։ Վերանորոգեցինք ու կահավորեցինք մեր ուզած ձևով, սակայն 9 ամիս վայելեցինք։ Պատերազմի օրերին 5 երեխաներիս հետ տեղափոխվել էի Հայաստան, որտեղ մնացինք մինչև դեկտեմբերի 10-ը։ Վերադարձանք արդեն Ստեփանակերտ (Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ էր-խմբ․) ,մի որոշ ժամանակ հարազատների հետ ապրեցինք, հետո մեզ ապահովեցին բնակարանով։ Թվում էր, թե բոլոր դժվարությունները հետևում են մնացել, բայց․․․ »,- պատմում է Մերին։
2023թ սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմական գործողությունների ու դրանց հաջորդած իրադարձություններից հետո հարկադրված էին բոլորի հետ հեռանալ Արցախից։
«Չնայած ամեն կողմից անհանգստացնող լուրեր էին պտտվում, բայց ապաստարանից գնացինք տուն, հաց սարքեցի, ընտանիքով սեղանի շուրջ նստեցինք։ Ապա հավաքեցինք անհրաժեշտ իրերը, որպեսզի առավոտյան ճամփա ընկնենք։ Շատ բան չկարողացանք տեղավորել մեքենայի մեջ, քանի որ տեղ չկար։ Գրիգորիի ծնողներն էլ պիտի մեզ հետ գային»,- պատմում է նա։
Շրջափակված Արցախում լուրջ խնդիր էր բենզին գտնելը․
«Երբ լուրեր տարածվեցին, որ Ֆլեշի մի քանի բենզալցակայաններում բենզին են տալու, Գրիգորին շտապեց այնտեղ։ Զանգեց և ասաց, որ հազարավոր մարդիկ են հերթում, պիտի սպասի, մինչև հերթը հասնի։ Այդպես մի քանի անգամ հեռախոսով խոսել ենք»։
Մերիի վերջին հեռախոսազրույցն ամուսնու հետ սեպտեմբերի 25-ին էր՝ 17։13-ին․
«Երբ զանգեցի, ասաց, որ Հայկազովի տեղամասում է, հերթը շատ մեծ է, ու ինքն էլ ահավոր հոգնած, բայց պետք է սպասի։ Հետո ասաց, որ մայրիկին տեղեկացնեմ, որ գնացել է եղբայրական հուշահամալիր և 44-օրյա պատերազմում զոհված եղբորն ու մարտական ընկերներին հրաժեշտ տվել, որպեսզի մայրը հանգիստ լինի։ Ասաց նաև, որ հուշահամալիրում ասեղ գցելու տեղ չկար, բոլորը եկել էին վերջին հրաժեշտի»։
Որոշ ժամանակ անց Մերիին զանգում է ամուսնու քույրն ու ասում, որ բենզինի պահեստում պայթյուն է եղել։
«Երկինքը գլխին փուլ եկավ արտահայտության իմաստն այդ պահին զգացի իմ մաշկի վրա»,- հիշում է Մերին։
Մինչև սեպտեմբերի 29-ը Գրիգորիի հարազատները փնտրում էին նրան հիվանդանոցներում, սակայն ապարդյուն։
«Մտքովս երբեք չէր անցնի, որ մենք ստիպված նրան պիտի մահացածների շարքում փնտրեինք։ Կանչեցին քննչականից ու մեզ հանձնեցին Գրիգորիի հեռախոսը, որը միացնելով տեսա, որ բավականաչափ լիցքավորված էր դեռ։ Հավանաբար հուժկու հարվածից անջատվել էր»,- ասում է նա։
2023 թվականի հոկտեմբերի 8-ին Էջմիածնի դիահերձարանից զանգել և ընտանիքին հանձնել էին Գրիգորիի փաստաթղթերը։
Երկու տասնյակից ավելի մեդալների արժանացած սպա Գրիգորի Սահակյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու ջանքերն ապարդյուն անցան։
2024 թվականի հունվարի 31-ին Նուբարաշենի գերեզմանատանը վերջին հրաժեշտը տվեցին Գրիգորի Սահակյանին։
Սահակյանների ընտանիքը Երեւանում վարձակալությամբ է ապրում։ «Երեք բնակավայր ենք փոխել Հայաստանում, երեխաներս՝ երեք դպրոց։ Յուրաքանյուր դպրոցում նրանց շատ լավ են վերաբերվել։ Ուսուցիչներն էլ միշտ գոհ են եղել նրանցից։ Երկրորդ աղջիկս ավարտել է 9-րդ դասարանը։ Պետք է բժշկական ուսումնարան ընդունվի, որի ուսանողն է արդեն ավագ աղջիկս»,- ասում է Մերին։
Ամուսնու հարազատներն օգնում են, որպեսզի երեխաները ոչնչի կարիք չունենան։
«Գրիգորիս ձեռքի ափի մեջ էր կնոջը պահում։ Մենք էլ ուրախանում և հպարտանում էինք նրանց ամուր ընտանիքով։ Տղաս անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընտանիքը ոչնչի կարիք չզգա»,- ասում է Գրիգորիի մայրը՝ Անժելա Ասրյանը։
Այսօր Մերիի համար շատ կարեւոր է աշխատանք գտնելը։ «Դժվարությունները շատ են աշխատանքի անցնելու առումով, քանի որ ամուսինս չի թողել, որ աշխատեմ։»,- ասում է նա։
Մերին բռնի տեղահանվելուց հետո հրուշակեղեն պատրաստելու հմտությունները զարգացնելու նպատակով համապատասխան դասընթացների է մասնակցել։ Առայժմ, սակայն, չի համարձակվում կարողությունը եկամտի աղբյուրի վերածել։
Պետական աջակցության ծրագրերից օգտվում է։ Այլ եկամուտ ընտանիքը չունի։ Որպես բազմազավակ, միայնակ մայր դիմել է սոցիալական ծառայություն, որպեսզի համապատասխան նպաստ ստանա։ Առայժմ նպաստ ընտանիքին չի նշանակվել։
Անահիտ Պետրոսյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։