Բացել լրահոսը Փակել լրահոսը
01 (1)
A A
Պաշտոնական

Հայաստանը և Լեհաստանը կհամագործակցեն հնագիտության, հուշարձանապահպանության և թանգարանագիտության ոլորտներում

Սույն թվականի մայիսի 23-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ստորագրվեց հուշագիր՝ հնագիտության, հուշարձանապահպանության և թանգարանագիտության ոլորտներում հայ-լեհական համագործակցության զարգացման վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրեցին Վարշավայի համալսարանի ռեկտոր Ալոյզի Նովակը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Փահլևանյանը։ Միջոցառմանը ներկա էր Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:

Այնուհետև տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված երկաթեդարյա Հայաստանի խեցեղենի արտադրության, բաշխման և օգտագործման օրինաչափություններին: «Երկրագործությունը և սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում» թեմայով հատուկ դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը:

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին