Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ հիմնախնդիր է մեր կազմակերպության համար.Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է կառույցի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Շնորհակալություն, Պարո'ն նախագահ, Հարգելի' գործընկերներ, Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում: «Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես որակի ցուցիչ բոլոր հարթություններում` ներառյալ կյանքի, շրջակա միջավայրի, անվտանգության եւ, իհարկե, ժողովրդավարության որակը: Եվրոպայի խորհրդի անդամ երկիր լինելու արտոնությունը ժողովրդավարության բարձր որակի, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանքի վկայությունն է: Միեւնույն ժամանակ, այդ արտոնությունը երկնքից իջած բարիք չէ, եւ կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ամենօրյա ջանք գործադրի` պահպանելու մեր հիմնարար արժեքներին համապատասխանող ժողովրդավարության մակարդակը: Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների, հատկապես` այսօր, երբ մենք ականատես ենք լինում ագրեսիայի, պատերազմների խժդժությունների, ճգնաժամերի եւ անկայունության ամենաահասարսուռ դրսեւորումներին, ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այստեղ` Եվրոպայի խորհրդում, մենք պետք է գործենք այն գիտակցմամբ, որ ժողովրդավարական խաղաղությունը պարտադիր պայման է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն կառուցելու եւ պահպանելու համար: Ժողովրդավարական խաղաղությունը նաեւ առանց որեւէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է: Տիկնա'յք եւ պարոնա'յք, մենք ապրում ենք վիթխարի տեխնոլոգիական առաջխաղացման դարաշրջանում: Թվային դարաշրջանը կտրուկ փոփոխել է մեր կյանքը` բացելով նոր հեռանկարներ եւ հնարավորություններ` միեւնույն ժամանակ բերելով իր հետ նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ խոչընդոտներ: Մենք չենք կարող եւ չպետք է հակադարձենք տեխնոլոգիական առաջընթացին, բայց մենք ունենք համընդհանուր պարտավորություն` տեխնոլոգիական զարգացումները ծառայեցնել ժողովրդավարության առաջընթացին, եւ, հետեւաբար, մեր առաքելությունն է ապահովել ժողովրդավարական միջազգային իրավական հիմք տեխնոլոգիական զարգացումների` ներառյալ արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների կարգավորման համար: Հարգելի' գործընկերներ, վերջին 75 տարիների ընթացքում մենք մշակել ենք ժողովրդավարության տարբեր հաջողված մոդելներ` հիմնված մեր հիմնարար արժեքների վրա: Այնուամենայնիվ, մենք չենք կարող ժխտել տարբեր անդամ պետություններում ժողովրդավարությունից նահանջելու խնդիրը: Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ հիմնախնդիր է մեր կազմակերպության համար, եւ մենք չպետք է թերագնահատենք մեր բոլորի վրա վերջինիս ունեցած ազդեցությունը: Մենք պետք է ակտիվորեն դիմակայենք դրան եւ ժողովրդավարությունից նահանջի նկատմամբ կիրառենք արժեքների, այլ ոչ թե իրական քաղաքականության վրա հիմնված մոտեցում` հավասար վերաբերմունք դրսեւորելով ժողովրդավարությունից նահանջող բոլոր երկրների նկատմամբ: Տիկնա'յք եւ պարոնա'յք, մեր կազմակերպության նպատակն է նպաստել իրական ժողովրդավարության կառուցմանը, այլ ոչ թե արհեստական, կեղծ, անվանական կամ այլ փոխարինորդների ձեւավորմանը, որտեղ ժողովրդավարությունն օգտագործվում է որպես շղարշ` ավտոկրատ ռեժիմները եւ նրանց իրավախախտումները քողարկելու համար: Ուստի, մեր առաքելությունը ժողովրդավարությունից նահանջելու վաղ կանխարգելման իրական մեխանիզմների մշակումն է ու ամբողջ Եվրոպայում իրական ժողովրդավարության կայացմանը նպաստելը: