2 ամսվա համար Քննչական կոմիտեին 246 մլն 312 հազար դրամ կհատկացվի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Քննչական կոմիտեին կհատկացվի 246 մլն 312 հազար դրամ գումար՝ լրացուցիչ փորձաքննության ծառայություններ ձեռք բերելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 15.01.2026թ.-ին կնքվել է «Փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման պայմանագիրը։ Կենտրոնի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեն:
Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ հիմնավորման՝ միջինում, Կենտրոնի կողմից ամսական կտրվածքով մատուցվել է շուրջ 122,253,750 ՀՀ դրամի փորձաքննությունների կատարման ծառայություններ, հետազոտվել է 2,092 օբյեկտ և տրվել է 538 փորձագիտական եզրակացություն:
Ամսական կտրվածքով Կենտրոն է մուտքագրվում միջինում 625 որոշում, իսկ 30.04.2026 թվականի դրությամբ կատարման ընթացքում գտնվող փորձաքննությունների քանակը 1223-ն է: Պայմանագրի գումարի մնացորդը կսպառվի առաջիկա 1.7 ամսվա ընթացքում:
Նախագծի ընդունմամբ կապահովվի Կենտրոնի կողմից փորձաքննությունների կատարման ծառայությունների պատշաճ մատուցումը, որը կնպաստի քրեական վարույթներով նախաքննության ժամկետների կրճատմանը և ողջամիտ ժամկետներում քննության ավարտին:
Իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չհատկացվելու դեպքում Կենտրոնը չի կարող պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել փորձագետի եզրակացություններ, որը կունենա իր բացասական ազդեցությունը քրեական վարույթներով դատավարական գործերի ընթացքը լուծելու ժամկետների վրա և դրանով պայմանավորված կերկարաձգվեն նաև դատավարական գործերի լուծման ժամկետները: