Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավային Աֆրիկայի դեսպան Շոայբ Կասուն (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուն (նստավայրը՝ Կիև): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը լրացուցիչ լիցք կհաղորդի մեր երկու երկրների հարաբերություններին: Նաև առիթն օգտագործելով ուզում եմ նախապես շնորհավորել Ձեզ և հարավաֆրիկյան ժողովրդին ապրիլի 27-ի՝ ձեզ համար շատ կարևոր իրադարձության՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ: Ուզում եմ նաև մաղթել Ձեզ և ձեր ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև հետևողականություն և կամք ժողովրդավարական արժեքներն արմատավորելու և դեմոկրատիայի սկզբունքները դավանելու գործում»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կասուն ասել է. «Մեծապես ոգևորված եմ այստեղ գտնվելու համար: Շնորհակալություն Ձեր կառավարությանը ջերմ ընդունելության համար: Արդեն իսկ շատ լավ հանդիպումներ եմ ունեցել արտգործնախարարության գործընկերների հետ: Ոգևորված եմ իմ նշանակման կապակցությամբ և իմ բոլոր ջանքերը կներդնեմ մեր պետությունների հարաբերությունների ամրապնդման համար»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՀԱՀ միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղիներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրինացման հնարավորություններին, ինչը կնպաստի տնտեսական, գործարար, տուրիստական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ խաղաղ համակեցության և բարիդրացիության սկզբունքներով հարաբերություններ կառուցելու վերաբերյալ: