Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Հույս ունեմ, որ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի և Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին շատ խոսվեց:

Ես չգիտեմ, թե ի՞նչ արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրությունում, սակայն եղած տեղեկությունները հուշում են, որ սահմանապահների նպատակը եղել է մոլորված հայ հովիվի անվտանգ վերադարձը և նրանք այդ տեսանկյունից իրենց խնդիրը կատարել են:

Այո´, եթե այդ խնդիրը լուծելու համար նաև թշնամու ուղղությամբ կրակ բացելու անհրաժեշտություն է եղել, ապա դա պետք է հենց այդպես էլ արվեր:

Ես հասկանում եմ, որ մարտական կանոնագրքերի սահմանածն ու որոշ դեպքերում արտառոց իրադրությունը պահանջում է գործել ըստ իրադրային զարգացման, և այստեղ կանոնադրական խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ԱԱԾ զինծառայողներն այս պարագայում, կարծում եմ, եղած ընտրության հարցում ճիշտ որոշում են կայացրել:

Ինձ, միգուցե, մեղադրեն անհիմն լավատեսության մեջ, բայց ես հույս ունեմ, որ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանի համար ուղղված ուղերձ էր, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի, այլ ելքը կհամարեմ ահմանապահ զորքերի և բանակի բարոյալքմանն ուղղված գործողություն:

Եվս մեկ հանգամանք. Ադրբեջանը, երբ քաղաքական որոշում է ունենում իրադրությունն առաջնագծում լարելու, դրա համար միշտ առիթ և պատճառ գտնում է, և դա նաև ցույց տվեց որոշ ժամանակ առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգությունը: Այնպես որ, պետք չէ մեր զինծառայողներին թիրախավորել` համարելով, որ լարվածության աճ է կանխվում:

Հ․Գ. Իշխանությունն իր ողջ էությամբ մշտապես գործել և գործում է հակաբանակային տրամաբանության մեջ և, այս տեսանկյունից, վերոնշյալ միջադեպի վերաբերյալ հանրային դժգոհությունն ամբողջությամբ օբյեկտիվ և առողջ դատողությունների դաշտում է»: