Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ֆրանսիայում կայացավ ‹‹Հայաստանի պատկերները›› փառատոնը (տեսանյութ)

Առաջին անգամ Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լա Ռոշֆուկո-ըն-Անգումուա պատմական տարածքում 2024թ.-ի մարտի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կայացավ ‹‹Հայաստանի պատկերները›› փառատոնը (Visages d’Arménie Festival): Փառատոնի կազմակերպիչներն էին Primavera Foundation of Armenia հիմնադրամը և Hardiese Production կազմակերպությունը (Ֆրանսիա):

Այս եռօրյա փառատոնը հայկական մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն էր, որի ընթացքում 500 մասնակիցներ բացահայտեցին տաղանդավոր ու ստեղծարար հային: Փառատոնը սփյուռքահայության համար հնարավորություն էր վերամիավորվել իրենց ժողովրդի հիշողությունների և ավանդույթների հետ և ծանոթացնել ընտանիքի նոր անդամներին իրենց պատմական հայրենիքի հետ:

Փառատոնի բազմազան ծրագրում ընդգրկված էին 10 երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից: ‹‹Հայաստանի պատկերները›› փառատոնը բացեց համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար, Չայկովսկու միջազգային XV-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր Դմիտրի Մասլեևը՝ ‹‹Խաչատրյանը և նրա տիեզերքը›› խորագիրը կրող մենահամերգով: Երկրորդ օրը լեգենդար հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ‹‹Մենք›› (1969թ.) վավերագրական ֆիլմի միջոցով հանդիսատեսը բացահայտեց հայկական մշակույթն ու ավանդույթները: Ցուցադրությունից առաջ ներածական խոսքով հանդես եկավ սցենարիստ և լրագրող Էդուարդ Այանյանը, ով այդ օրը, ավելի ուշ, ներկայացրերց ‹‹Հայկական մշակութային ժառանգությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային քաղաքակրթության վրա›› դասախոսությունը: Նարեկացու և Կոմիտասի հոգևոր ու ժողովրդական ժառանգությունը ներկայացրեցին Լիլիթ Պետրոսյանը (քանոն), Հարություն Չոլակյանը (դուդուկ) և ‹‹Լույս›› վոկալ կվինտետը: ‹‹Հայաստանի պատկերները›› փառատոնը եզրափակվեց հայկական արմատներով երաժիշտներ Թոմաս Լեֆորտի (ջութակ) և Ռուբեն Կոզինի (դաշնամուր) համատեղ համերգով, ծրագրում հնչեցին Կոմիտասի, Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Մարտի 11-17-ը հանրության համար բաց էր լուսանկարիչներ Սևակ Ասրյանի ‹‹Արցախյան պատկերները›› (Visages of Artsakh) և Սուրեն Մանվելյանի ‹‹Հայերի պատկերները›› (Visages of Armenians) ցուցահանդեսները, որոնք ունեցան մոտ 300 այցելու:

Այս գրավիչ իրադարձության շնորհիվ, ինչպես ֆրանսիացիներն, այնպես էլ հայերը բացահայտեցին, լսեցին, տեսան և զգացին Հայաստանը և հնարավորություն ստացան ավելի խորը կապեր հաստատել դարավոր մշակույթ ու տաղանդավոր ժողովուրդ ունեցող այս երկրի հետ:

Primavera Foundation of Armenia մշակութային, բարեգործական հիմնադրամը հիմնադրվել և բեղուն գործունեություն է ծավալում Հայաստանում 2022թ.-ից: Այն ուղղված է հայ

 

մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենթի զարգացմանը: Հիմնադրամի համահիմնադիրներն են միջազգային երաժշտական մենեջմենթի բնագավառում մեծ փորձ ունեցող Անաստասիա Բուդանոկը և Ելենա Յակովլևան, իսկ գեղարվեստական խորհրդի ղեկավարն է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վասիլի Պետրենկոն:

Մեկ տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը կազմակերպել է դաշնամուրի, ջութակի, կիթառի, կամերային անսամբլի անվճար վարպետության դասեր, համերգներ, դասախոսություններ ու կլոր սեղանի շուրջ քննարկումներ Տավուշի մարզում (Նոյեմբերյան, Իջևան, Կողբ), Սյունիքի մարզում (Մեղրի, Գորիս, Կապան, Ագարակ), ինչպես նաև Գյումրիում և Երևանում, որից օգտվել են շուրջ 3.100 մասնակիցներ: Վերը նշված միջոցառումներն իրականացվել են աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած անվանի երաժիշտների մասնակցությամբ: