Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արցախի բնակչությանը Հայաստանում պահելու խնդիրը շատ սկզբունքային է մի քանի հանգամանքներից ելնելով և առաջնայինը՝ հավաքական ինքնությունը պահելու և վերադարձի իրավունքը հավաքական իրացնելն է։ Այս առումով մեզանից կախված բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում ենք՝ քարոզելու, համոզելու, որ պետք է մնալ Հայաստանում։ Բայց, ցավոք սրտի սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որպեսզի մարդիկ թողնեն, լքեն Հայաստանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ շուրջ 7500-7700 արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից»,- ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մեր վիճակագրությունը, սակայն, այլ բանի մասին է խոսում, որ թիվը հաստատ 12-13- հազարից ավելին է։ Հանրային տրամադրությունները շոշափելով՝ կարող եմ ասել, որ այդ թիվն աճելու է ուսումնական տարին ավարտելուց հետո։ Համար մեկ խնդիրը սոցիալական և կենցաղային վիճակն է։ Շատ-շատերը կան, որ սպասում են՝ հասկանալու թե Հայաստանի Հանրապետությունը բնակարանային ապահովման ինչ ծրագիր է գործողության մեջ դնելու»,- ասում է նա։
Գ. Ստեփանյանի խոսքերով՝ այն ծրագիրը, որը փոխվարչապետի կողմից շրջանառվել է, մեծ դժգոհությունների առիթ է հանդիսացել, և եթե համարվի, որ դրանով է լուծվում խնդիրը, դա մեծապես նպաստելու է արցախցիների արտագաղթին։ Կան նաև խնդիրներ՝ կապված աշխատանքի ընդունվելու, համապատասխան աշխատանք գտնելու հետ։
«Կիրառության մեջ գտնվող 40+10 ծրագրի երկարաձգումը որոշակի կայունություն է տալիս մարդկանց, բայց բնակարանային հարցին երկարաժամկետ լուծում է պետք՝ հակառակ դեպքում շատ մեծ ծավալներով արտագաղթ է լինելու»,- ասում է մարդու իրավունքների պաշտպանը։
Գ. Ստեփանյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնաց կարիքների համար միջազգային հանրության կողմից Հայաստանին տրվող աջակցությունն ընդհանրապես չի համապատասխանում առկա կարիքներին։
«Ըստ հանրային դաշտում առկա հայտարարություների՝ աջակցությունների թիվը չի գերազանցում 65-67մլն դոլարը և՛ Եվրոմիության և՛ ԱՄՆ կողմից հատկացրած։ Հարկ է նշել, որ այդ գումարը չի հատկացվել Հայաստանի կառավարությանը։ Դրանից կարծես թե 15մլն դոլարն է, որ ուղիղ բյուջետային աջակցություն էր Հայաստանի Հանրապետությանը։ Մյուս գումարը հատկացվել է Կարմիր խաչին, և տարբեր զարգացման, հասարակական կազմակերպությունների։ Վստահորեն, այդ կազմակերպությունները որոշակի աջակցություն ցուցաբերել են, բայց դա ընդհանրապես շոշափելի աջակցություն չէր։ Այսօր մարդիկ կան, որ սոված են քնում։ Տրամադրված 40+10 աջակցությունն ընդամենը հերիքում է բնակարանային վարձը և կոմունալ ծախսերը հոգալուն»,- ասում է Գ. Ստեփանյանը։
Արցախի թեման պետք է պահել միջազգային օրակարգում»,- նշում է նա։
Մանրամասն՝ տեսանյութում